News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի եւ ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, եւ որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում են՝ մասնավոր նախագծերի շրջանակում:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Ռուսթավելի փողոցի՝ մոտ 9000 քմ մակերեսի հիմնանորոգման աշխատանքների արդյունքներին: 2017 թ. մարտի 21-ին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղին տրված համապատասխան թուլտվությունից հետո, Ռուսթավելի փողոցի՝ Շիրակացի փողոցից մինչեւ Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում մեկնարկել են քանդման աշխատանքները: Ամբողջությամբ վերականգնվել են փողոցի կոմունիկացիոն համակարգերը (գազատար, ջրատար խողովակներ, էլեկտրալարեր եւ այլն): Փողոցը սալապատվել է գրանիտե նոր սալաքարերով, ամբողջությամբ կահավորվել է (լուսավորություն, նստարաններ, ծաղկամաններ): Վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացրել է «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը:

Վարչապետ Կարապետյանը կարեւորել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի եւ Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնումն ու ենթակառուցվածքների բարելավումը: Ծրագրի շրջանակում Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Նշված փողոցներում բիզնեսի համար առանձնացվել է 7700 քառ. մետր տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ հիմնանորոգված փողոցն իրեն շատ է դուր եկել, եւ հաջորդ փողոցը, որը Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է, լինելու է Շիրազի փողոցը: Նախատեսվում է շինաշխատանքներն սկսել գալիք տարվա մարտից: «Կումայրի պատմական կենտրոնի ծրագիրն անպայման ավարտին ենք հասցնելու: Կարծում եմ, որ Ռուսթավելի փողոցն այսօր համ ու հոտով փողոց է: Մեր հիմնական նպատակն է Գյումրու կոլորիտն ու ինքնատիպությունը չկորցնելը», - ասել է Կարեն Կարապետյանը: Գյումրեցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրն իրականացնելու եւ Գյումրին մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:

Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացվել ծրագրի շրջանակում մասնավոր նախաձեռնություններով վերականգնվող տարբեր շենք-շինություններն ու ներդրումային ծրագրերը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ներգրավված վարկային միջոցներով առաջիկայում քաղաքում իրականացվելու են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ճանապարհաշինական խոշոր ծրագրեր:

Այնուհետեւ Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրիի այցելուների տեղեկատվական նորաբաց կենտրոն, ծանոթացել վերջինիս կողմից մատուցվող ծառայություններին: Տեղեկացվել է, որ կենտրոնը յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար լինելու է Հայաստանի, այդ թվում՝ Գյումրիի մասին ցանկացած տեղեկատվություն հաղորդող վայր, որտեղ հյուրերին տրամադրվելու է մեր երկրի տեսարժան եւ զբոսաշրջային վայրերի մասին ամբողջական տեղեկատվություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ