News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության եւ Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է կազմակերպության աշխատակազմին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ, ինչպես նաեւ կազմակերպության հայաստանյան թիմի մաս կազմող մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների եւ ծրագրերի ղեկավարներին ու աշխատակիցներին այդ կարեւոր եւ հիշարժան հոբելյանի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել անցած 25 տարիներին Հայաստանում ՄԱԿ-ի կողմից երեւանյան գրասենյակի միջոցով իրականացված զարգացման ծրագրերը, որոնք, նրա խոսքով, եղել են եւ՛ թիրախային, եւ՛ բազմազան՝ սկսած ժողովրդավարական հաստատություններին աջակցությունից մինչեւ փոքր եւ միջին բիզնեսին օժանդակություն:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ կազմակերպության հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը տարեցտարի առավել կամրապնդվի ու կխորանա: Նախագահը ջերմությամբ է հիշել ավելի քան մեկ ամիս առաջ իր հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ՄԱԿ-ի հիմքում դրված հիմնարար արժեքներին:

«ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի օգտակար եւ արդյունավետ աշխատանքում մեծ է նաեւ մշտական համակարգող Բուզետտոյի ներդրումը: Հայաստանում մարդիկ հավատում են գրասենյակին, որի համակարգմամբ ծրագրերն իրականացվում են մասնագիտական բարձր որակով եւ մեծ պատասխանատվությամբ: ՄԱԿ-ը, իհարկե, առաջին հերթին ընդհանուր նպատակների շուրջ համախմբված պետությունների միավորում է, եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպության դրոշի ներքո կարեւոր առաքելություն իրականացնող այն բազմահազար մարդկանց, ովքեր ամեն օր մեծագույն նվիրումով իրականացնում են իրենց աշխատանքը»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ՄԱԿ-ի գրասենյակ այցելության, շնորհավորական ջերմ խոսքերի ու գնահատանքի համար եւ ընդգծել, որ գրասենյակն այս տարիների ընթացքում իր լավագույն ջանքն է ներդրել, որպեսզի ՄԱԿ-ը Հայաստանում դառնա չեզոք հարթակ միջազգային համայնքի եւ Հայաստանի համադրված աշխատանքի համար:

«Հայաստանում՝ ՄԱԿ-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Եվրոպական Միության, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների եւ այլ դոնորների ֆինանսավորման միջոցով: Մենք այս տարիներին փորձել ենք կենտրոնանալ Հայաստանի կառավարության համար կարեւոր ռազմավարական խնդիրների վրա, օրինակ՝ սահմանային անցակետերի արդիականացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, ժողովրդավարական ընտրությունների անցկացում, ինչպես նաեւ ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք: Ակնկալում ենք նաեւ նոր ծրագրերի իրականացում, օրինակ՝ Մեղրիի սահմանակետի արդիականացում, ԱԻՆ-ի հետ քննարկում ենք Նաիրիտի տարածքում վտանգավոր նյութերի պահեստների մաքրման աշխատանքներ իրականացնելու հարցը: Շատ լավ եւ կարեւոր աշխատանքներ ենք իրականացնում Տավուշի սահմանամերձ համայնքներում եւ այժմ ուսումնասիրում ենք այդ ծրագրերը ընդարձակելու հնարավորությունը՝ ներառելով նաեւ Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանամերձ գյուղերը:

Իհարկե, չպետք է մոռանանք այն աշխատանքը, որ Հայաստանի հետ համագործակցությամբ իրականացնում ենք սիրիահայ փախստականներին աջակցության նպատակով:

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ Հայաստանին երախտագիտություն հայտնել համաշխարհային մակարդակով կայունությանը եւ խաղաղությանը նպաստելու, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու գործում կարեւոր եւ ակտիվ դերակատարում ունենալու համար: Ցանկանում եմ ընդգծել Մալիում, Լիբանանում եւ այլ երկրներում Հայաստանի խաղաղապահ առաքելությունը եւ այն շարունակելու պատրաստակամությունը»,- նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Բուզետտոն:

Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուղեկցությամբ դիտել է գրասենյակում բացված «Հայաստան-ՄԱԿ. 25 տարի միավորված ազգերի ընտանիքում» ցուցահանդեսը, որտեղ լուսանկարների միջոցով ներկայացվում են 25 տարվա ընթացքում Հայաստանի ներկայությունը ՄԱԿ-ում, ինչպես նաեւ Հայաստանում կազմակերպության կողմից տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
Ամենաշատ