«Ժամանակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում՝ ԼՂ խնդրի պատճառով:
Մինչ այս պահը պաշտոնական Երեւանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձեւակերպումների շուրջ, այն դեպքում, երբ փաստաթղթի մնացյալ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է: «Նախօրեին ԵՄ անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին: ԵՄ անդամ երկրները բաց են թողել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց:
Ըստ էության, հռչակագիրը պատրաստ է, եւ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են դեռ պայքարում Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումների շուրջ: Բրյուսելում այժմ բավական մտահոգված են: Հարցը կարող է դրամայի վերածվել, Սարգսյանն ու Ալիեւը միգուցե հրաժարվեն ստորագրել փաստաթուղթը՝ ԼՂ խնդրի շուրջ ձեւակերպումների կամ դրանց բացակայության պատճառով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում