News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ա.Ն. Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ղեկավար, հայտնի սրտաբան, վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային, ով Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ բժշկական կենտրոնների հետ համագործակցություն զարգացնելու, ինչպես նաեւ փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:

Ողջունելով աշխարհահռչակ բժշկին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նրա ներդրումը սրտային վիրաբուժության զարգացման գործում, ընդգծելով, որ պրոֆեսոր Բոկերիայի ներդրած նոր, ժամանակակից մեթոդների շնորհիվ աշխարհում փրկվել են հազարավոր մարդկանց կյանքեր, շատերն էլ դեռ հույսով սպասում են իրենց առողջացմանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել անվանի բժշկին նաեւ իր անգնահատելի փորձով ուրիշների հետ կիսվելու պատրաստակամության համար՝ համարելով դա աստվածահաճո գործ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս առողջապահության ոլորտի զարգացմանը, բժշկության մեջ առաջավոր փորձի ներդրմանը: Նախագահն այդ տեսանկյունից կարեւորել է աշխարհի առաջատար մասնագետների հետ կապերի հաստատումն ու համագործակցությունը եւ հույս հայտնել, որ Լեո Բոկերիայի այցը Հայաստան, շփումները հայ մասնագետների հետ, պրակտիկ գիտելիքների ու փորձի փոխանակումը մեծ աջակցություն կլինի Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար:

Բժիշկ Բոկերիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, գնահատանքի համար եւ վստահեցրել, որ ջանք չի խնայի Հայաստանում սրտանոթային վիրաբուժության զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար: Անվանի սրտաբան, վիրաբույժը Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է աշխարհում այս ոլորտի զարգացման միտումներն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի լավ արդյունքների հասնելու հնարավորությունները: Պրոֆեսոր Բոկերիան նշել է, թե տպավորված է Հայաստանում իր այցելած բժշկական կենտրոններով եւ այնտեղ իրենց մասնագիտական առաքելությունն իրականացնող բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց հետ հաճույքով կհամագործակցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ