News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ նոյեմբերի 21-ին, Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված քայլերթն Ազատության հրապարակում ավարտվեց:

Քայլերթի մասնակիցները անցան մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Նախաձեռնող խումբը քայլերթի վերաբերյալ տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը. «Նախորդ տարի աշնանը հասարակական պահանջ առաջ եկավ, քաղաքի մեծ փողոցներից մեկը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին:

Ստորագրահավաք եղավ, հավաքվեցին հազարավոր ստորագրություններ, որոնք պահանջով ուղարկվեցին քաղաքապետարան: Քաղաքապետարանը հետաձգեց հարցը՝ արանքում ընտրություններ էին: Այնուհետև նախաձեռնությանը միացավ ԵԼՔ դաշինքը, որը ավելացրեց այս պահանջին ևս մի քանիսը և փորձեց նորից հարցը բարձրացնել: Այս անգամ ամեն բան քաղաքական երանգ ստացավ և սկսեցին հակադարձել, թե բան ու գործ չկա, փողոց պիտի անվանափոխենք, մինչդեռ պահանջը ի սկզբանե հասարակական էր: Հարցը նորից քողարկվեց:

Այժմ, Ազգալդյանի տարեդարձի նախօրեին հարկ ենք համարում կազմակերպել մեծ քայլերթ քաղաքում, որը ցույց կտա թե՛ հասարակական պահանջի լրջությունը ու հրատապությունը, թե՛ Արցախյան գոյամարտում Ազգալդյանի մեծ ներդրման գնահատումն ու արժևորումը այսօրվա հայ մարդու կողմից»:

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։  1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը եւ այն փայլուն ավարտել  ռադիոֆիզիկոսմասնագիտությամբ։ Լեոնիդ Ազգալդյանը Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել էազատագրական մարտերին։

Հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում եւ որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքի վերջը։ Զոհվել է1992թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ։

Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Տպել
Ամենաշատ