News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականը Մեծ Բրիտանիայի թագուհուն՝ Եղիսաբեթ 2-րդին, դարձրեց աշխարհում ամենատարեց պետության ղեկավարը։ Բրիտանական Daily Mail-ի հաշվարկով, այն բանից հետո, երբ 93-ամյա Մուգաբեն, որն աֆրիկյան պետությունը ղեկավարում էր 37 տարի շարունակ, երեքշաբթի հայտարարեց հրաժարականի մասին, այդ ոչ պաշտոնական կոչումն անցավ 91-ամյա Եղիսաբեթ 2-րդին, որը գլխավորում է Միացյալ Թագավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սա Վինձորների միապետական տոհմի ղեկավարի հերթական ռեկորդն  է։ 2015-ի սեպտեմբերին Եղիսաբեթը գերազանցեց Վիկտորյա թագուհու՝ թագավորությունը ղեկավարելու երկարամյա ռեկորդը։ Այն բանից հետո, երբ 2016-ի հոկտեմբերի 13-ին վախճանվեց Թաիլանդի թագավոր Փումիփոն Ադուլյադետը, նա դարձավ ներկայումս ողջ մնացած միապետերի թվում ամենաերկար կառավարածը։ Այս տարվա փետրվարի 6-ին Եղիսաբեթ 2-րդը նշեց իր գահակալության 65-ամյակը՝ դրանով դառնալով բրիտանացի միապետերից առաջինը, ում  հաջողվել է նշել «շափյուղյա» հոբելյանն այդ պաշտոնում։

Նոյեմբերի 20-ին նա իր ամուսնու՝ Էդինբուրգի հերցոգ, արքայազն Ֆիլիպի հետ նշեց պլատինե հարսանիքը՝ ամուսնության 70-ամյակը։

Երկրորդ տեղում է Թունիսի 90-ամյա նախագահը

Թունիսի պատմության մեջ առաջին ժողովրդավարական  նախագահական ընտրությունների արդյունքներով 2014 թվականին պետության ղեկավար դարձավ 87-ամյա հակաիսլամիստ քաղաքական գործիչ Բեժի Կաիդ էս Սեբսին։ Ընտրությունների 2-րդ փուլում նա հավաքեց ձայների 55․68 տոկոսը՝ առաջ անցնելով իր մրցակցից՝ գործող նախագահ Մոնսեֆ Մարզուկիից, ով հավաքել էր ձայների 44․32 տոկոսը։

Էս Սեբսին Թունիսի Հանրապետության վարչապետն  էր 2011 թվականին։ Նա ստանձնել էր պաշտոնանկ արված նախագահ Զեյն ալ Աբիդին Բեն Ալիի կառավարության ղեկը։ Տարբեր տարիներին զբաղեցրել է տարբեր նախարարական պաշտոններ, այլ դիվանագիտական եւ պետական պաշտոններ։

Քուվեյթի 88-ամյա էմիրը

Երրորդ տեղում է Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ Ալ Ջաբեր աս Սաբահը։ Նա ծնվել է 1929 թվականի հունիսի 16-ին։ Շեյխ Սաբահը Քուվեյթի ղեկավարության կազմում 1950-ական թվականների կեսերից տարբեր պաշտոններ է զբաղեցրել․ 40 տարի շարունակ (1963-2003) եղել է ԱԳ նախարար, երկար տարիներ ղեկավարել Նավթի գերագույն խորհուրդը, եղել է տեղեկատվության նախարար եւ վարչապետ։ 2006 թվականին 76-ամյա շեյխը երկրի նոր էմիր է հռչակվել եւ դարձել 18-րդ դարից իշխանության գլուխ գտնվող Աս Սաբահ դինաստիայի 15-րդ կառավարիչը։

Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրո

Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն ծնվել է 1931 թվականի հունիսի 3-ին (86 տարեկան է)։ Պատանի տարիքից Ռաուլը ավագ եղբոր՝ Ֆիդելի ազդեցության տակ սկսել է հետաքրքրվել հեղափոխական գաղափարներով։ 22 տարեկանում նա գրոհում էր Մոնկադի զորանոցները, իսկ 25-ում լեգենդար «Գրանմա» զբոսանավով խարիսխ գցեց Կուբայի ափերին, որպեսզի հայրենակիցների հետ պարտիզանական պատերազմ սկսի։ 27 տարեկանում կոմանդանտե Ռաուլը ղեկավարում էր ապստամբ զորքերի 6-րդ շարասյունը, իսկ 28-ում՝ հեղափոխության հաղթանակից հետո, ռազմական նախարար դարձավ եւ 49 տարի զբաղեցրեց այդ պաշտոնը։ 2008-ին ստանձնելով Կուբայի ղեկավարությունը՝ 76-ամյա Ռաուլը սկսեց քաղաքական  եւ տնտեսական բարեփոխումներ կատարել, մասնավորապես, նախաձեռնեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը։

Կամերունի նախագահ Պոլ Բիյա

Կամերունի նախագահ Պոլ Բիյան ծնվել է 1933 թվականի փետրվարի 13-ին (84 տարեկան է) գյուղական բնակավայրում: Տարրական եւ միջնակարգ կրթությունը ստացել է կաթոլիկ ճեմարաններում, պատրաստվում էր իր կյանքը նվիրաբերել եկեղեցուն ծառայելուն: 1950-ական թվականների կեսերին, երբ Աֆրիկայում սկսվել է ապագաղութացման գործընթացը, ապագա նախագահը քաղաքականությամբ է հրապուրվել:

Փարիզում ավարտելով քաղաքագիտության ինստիտուտը՝ Պոլ Բիյան սկսել է աշխատել Կամերունի առաջին նախագահ Անադու Ահիջոյի գրասենյակում: Ժամանակի ընթացքում հաղթահարելով հիերարխիկ սանդուղքի բոլոր աստիճանները՝ Բիյան ինքն է ղեկավարել երկիրը Ահիջոյին պարտադրված հրաժարականից հետո: Պետության ղեկավարի պաշտոնում նրան հաջողվել է կարգավորել Նիգերիայի հետ գրեթե կեսդարյա տարածքային հակամարտությունը եւ նրանից հասնել բնական պաշարներով հարուստ Բաքասի թերակղզին Կամերունին հանձնելուն։

Լիբանանի նախագահ Միշել Աուն

Միշել Նաիմ Աունը ծնվել է 1935 թվականին (84 տարեկան է) Բեյրութի Հարաթ Հարեյք արվարձանում՝ աղքատ կրոնական ընտանիքում։ 1958-ին ավարտել է ռազմական ուսումնարանը։ 1959-ին՝ Ֆրանսիայի Շալոն սյուր Մարնի զինվորական դպրոցը։ 1966 թվականին ուսումն ավարտելուց հետո ուսուցում է անցել ԱՄՆ Օկլահոմայի նահանգի Ֆորթ Սիլ հրետանային դպրոցում եւ Ֆրանսիայի Բարձրագույն զինվորական դպրոցում (1978–1980)։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի եւ իտալերենի։ «Մայրիների հեղափոխությունից» հետո՝ 2005-ին, վերադարձել է Լիբանան։ Հանդես էր գալիս Սիրիայի հետ կոմպրոմիսի օգտին եւ դեմ  էր սիրիամետ նախագահ Էմիլ Լահուդի հրաժարականին։

2005-ի հունիսին խորհրդարանական  ընտրություններում նրա ստեղծած «Բարեփոխումներ եւ առաջընթաց» կուսակցությունը ստացավ 128 մանդատից 21-ը։ Աունը դարձավ խորհրդարանի պատգամավոր։ Նա հրաժարվեց մտնել կառավարական կոալիցիա եւ մնաց ընդդիմությունում։

2006-ի փետրվարին նա համաձայնագիր էր ստորագրել Ազատ հայրենասիրական շարժման եւ շիական արմատական «Հիզբոլլահ» շարժման հետ։ 2016-ի հոկտեմբերի 31-ին նա ընտրվեց Լիբանանի նախագահ։

Ճապոնիայի կայսր Ակիխիտո

Ճապոնիայի կայսր Ակիխիտոն ծնվել է 1933-ի դեկտեմբերի 23-ին (83 տարեկան): Ներկայումս միակ ղեկավարող կայսրն աշխարհում: Լինելով թագաժառանգ արքայազն՝ առաջին անգամ շեղվել է բազմադարյա ավանդույթից, որի համաձայն՝ կայսրերն ու արքայազնները պետք է ամուսնանային միայն ազնվական կնոջ հետ, եւ 1959-ին ամուսնացել է խոշոր ալրաղաց ընկերության նախագահի դստեր հետ:

1989-ին դարձել է Ճապոնիայի 125-րդ կայսրը՝ հոր՝ Խիրոխիտո կայսեր մահից հետո ժառանգելով գահը: 2016-ի օգոստոսին դիմելով ժողովրդին՝ կայսրը հայտարարել էր, որ պատկառելի տարիքի պատճառով միապետի պարտականությունները կատարելն իր համար ավելի դժվար է դառնում  (կայսրը անմիջականորեն չի կարող հայտնել հեռանալու մասին, քանի որ ավանդաբար չի խառնվում քաղաքականությանը): Կառավարության որոշմամբ Ակիխիտոն վայր կդնի իր կայսերական լիազորությունները 2019-ի մարտի 31-ին:

Սաուդյան Արաբիայի թագավորը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ (81 տարեկան), երկու սրբությունների պահապանն ու Ալ Սաուդ դինաստիայի գլխավորն է: Թագավոր եւ վարչապետ է դարձել 2015-ի հունվարի 23-ին՝ իր արյունակից եղբոր՝ Աբդալլահ թագավորի  մահից հետո:

Սալմանը Սաուդյան Արաբիայի առաջին թագավոր Աբդուլ Ազիզ իբն Սաուդի որդին է եւ վեցերորդը՝ «Սուդայրի յոթնյակից»: Նա Ֆահդա թագավորի ամենավստահելի խորհրդատուն էր եւ թագաժառանգ արքայազն Սուլթանի ամենամտերիմ եղբայրը: Մինչ գահ բարձրանալը եղել է պաշտպանության նախարար (2011-2015) եւ Էր Ռիադ բնակավայրի նահանգապետ (1963-2011):

Ծնվել է 1935–ի դեկտեմբերի 31-ին՝ դառնալով իբն Սաուդի 25-րդ որդին, նրա մայրը Հասա Ալ Սուդայրին էր: Նա մեծացել է Մուռաբայի պալատում: Նախնական կրթությունը ստացել է Էր Ռիադի արքայազնների դպրոցում, որը հիմնադրվել էր իբն Սաուդի կողմից իր երեխաների համար: Սալմանն ուսումնասիրել է կրոն եւ ժամանակակից գիտություն:

Իր եղբոր՝ թագաժառանգ արքայազն Նաիֆ իբն Աբդուլ Ազիզի մահից հետո արքայազն Սալմանը 2012-ի հունիսին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն եւ փոխվարչապետ է նշանակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ