Քալիֆորնիայում անտառային հրդեհների պատճառով հայտարարվել է 38 հազար բնակչի տարհանման մասին, առնվազն 3 հրշեջ վիրավորվել է, կործանվել է 150 կառույց, հայտնում է ABC-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կրիտիկական վիճակը կպահպանվի մինչեւ ուրբաթ:
Ավելի վաղ Վենտուրայի շրջանի հրշեջ ծառայությունը հայտնել էր, որ Քալիֆորնիայի հարավում 8 հազար շենքերի մոտ 27 հազար բնակչի տարհանել են: Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրություն է հայտարարել: Էլեկտրամատակարարման Southern California Edison ընկերությունը հայտարարել է, որ շրջանում առանց լույսի է մնացել ավելի քան 260 հազար սպառող՝ 180 հազար Վենտուրայի շջանում եւ 83 հազար՝ Սանտա Բարբարայում:
Հոկտեմբերի սկզբին անտառային ուժգին հրդեհներն ընդգրկել են Քալիֆորնիայի մի քանի շրջանները: Վտանգավոր գոտիներից տարհանվել է մոտ 100 հազար մարդ: Հաղորդվում էր, որ կրակով բռնկված տարածքը գերազանցել է Նյու Յորքի մակերեսը: Անցյալ շաբաթ իշխանությունները հայտնել էին կրակի դեմ պայքարի բեկումնային պահի մասին, եւ որոշ շրջաններում մարդիկ կարողացել էին տուն վերադառնալ:
Վերջին տեղեկություններով՝ Քալիֆորնիայում հրդեհի զոհ է դարձել 43 մարդ, հասցված վնասի գումարը անցել է 3,3 մլրդ դոլարից: