News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով մեղադրյալ Գալուստ Գրիգորյանն այսօր դատարանում հայտարարեց, որ քննիչն իր փոխարեն կեղծ ցուցմունքներ է գրել, ինքն էլ, առանց բովանդակությանը ծանոթանալու, ստորագրել է: Նա պնդեց՝ իրեն չեն տեղեկացրել, որ հարցաքննությանը կարող է պաշտպան ունենալ: Ասաց՝ քննիչը ջերմ մթնոլորտ էր ստեղծել, միասին սուրճ են խմել, որը ինքն է եփել, եւ վստահելով նրան՝ առանց կարդալու ստորագրել է ցուցմունքները:

Գալուստ Գրիգորյանը հայտարարեց, որ Հովհաննես Պետրոսյանն իր ընկերն է, խնդրել է իր վարձած մեքենայով երկու ինքնաձիգ տեղափոխել, բայց ինքը չի իմացել՝ ինչ նպատակով է: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել, թե Սեֆիլյանից հրահանգ է ստացել գրավել Նորքի հեռուստաաշտարակը:

«Իսկ հետո ինձ հայտարարվում է, որ սրանով ուզում էին հեղափոխություն անեն, դու էլ էիր մասնակից դրան: Ի սկզբանե ես ինչ ցուցմունք անձամբ տվել եմ, ինչ-որ ես ասել եմ, որ ես դա ընդունում եմ, դա ես հիմա էլ եմ ասում: Բայց էն, ինչ դուք ընթերցեցիք, դա սկզբից մինչև վերջ հերյուրանք ա, նման բան չկա, նման բան ես չեմ ասել»,- պնդեց Գալուստ Գրիգորյանը, որ ստորագրությամբ նախաքննական ցուցմունքներում ասել է, որ պատրաստվել է Նորքի հեռուստաաշտարակը գրավել՝ Ժիրայր Սեֆիլյանի հրահանգով:

Պաշտպան Արայիկ Պապիկյաննը փաստարկեց, որ քննիչը Գրիգորյանի փոխարեն ցուցմունքներ է գրել, հետո նույնությամբ դրանք արտատպել՝ որպես հաջորդ օրերի հարցաքննություն: Նրա հարցաքննությունը տեւել է չորս օր, քննիչը, ըստ Պապիկյանի, այնքան  է շտապել, որ մոռացել է գրել՝ երբ է ավարտվել հարցաքննությունը եւ որտեղ  է այն ընթացել։ Պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ միջնորդեց միջոցներ ձեռնարկել՝ մեղադրյալին հարցաքննած քննիչի դեմ քրեական գործ հարուցելու համար, ինչը դատարանը չքննեց։

Տպել
Ամենաշատ