Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոնները տեւական ժամանակ է լցվում են Դեբեդ գետը. գետի ջուրն ամբողջությամբ թափոնով է պատված, ինչը բնապահպանների վստահեցմամբ, իսկական բնապահպանական աղետ է: NEWS.am-ի թղթակիցն այսօր այցելել է բոլոր այն վայրերը, որտեղից որ կոմբինատի պոչամբարները լցվում են Դեբետ գետ (ֆոտոռեպորտաժ):

Նմանատիպ վայրերը Ախթալայում ու հարակից համայնքներում շատ են: Բնակիչները միաբերան դժգոհում են, հոգնել են վարակված օդը շնչելուց ու երեխաներին հիվանդանոցներ տանելուց:

Ախթալայի բնակիչներից մեկը, ով չցանկացավ տեսախցիկի առջեւ խոսել, հայտնեց, որ արդեն 10 օր է, ինչ սելաֆատարով պոչամբարի թափոնները լցվում են Դեբեդը: Նրա խոսքով՝ իր երեխան առողջական լուրջ խնդիրներ ունի, բժիշկներն ասել են, որ երեխայի օրգանիզմում ծանր մետաղները շատ են. «Ասին կամ պետք է քոչեք էդ տեղից, կամ էլ պետք է պոչանքը չթափեն»: Բնակչի բնակարանը գտնվում է հենց սելաֆատարի հարեւանությամբ:

Դեբեդ թափվող պոչանքների շատ կարելի է հանդիպել. պոչամբարը, որտեղ պետք է թափվեին թափոնները, ամբողջությամբ լցված է, այդ պատճառով էլ լցվում է գետն ու հոսում Ախթալա քաղաքով մեկ: Ախթալեցիների խոսքով՝ կոմբինատի աշխատակիցներն իրենց հայտնել են, թե բնակիչների բողոքելուց ոչինչ էլ չի փոխվելու. «Ով էլ գալիս ա, հարցերը լուծում ճանապարհում են»:

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից մեկնաբանություն ստանալ մեզ այդպես էլ չհաջողվեց:

Կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ  Արզումանյանի