News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի եւ տիկին Մակա Չիչուայի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հարգանքի ու փոխվստահության վրա խարսխված հայ-վրացական միջպետական հարաբերություններին, ինչպես նաեւ հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարին:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից տրված պաշտոնական ընդունելությանը

Հարգելի՛ պարոն Նախագահ,

Հարգարժա՛ն տիկին Չիչուա,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախ մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահին հայկական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ, իսկապես եղբայրական ընդունելության համար: Այս այցը, աներկբայորեն, Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է: Այսօր տեղի ունեցած բանակցությունները մեկ անգամ եւս վկայեցին երկկողմ հարաբերություններին ավելին տալու, դրանց որակական նոր բովադակություն հաղորդելու մեր ձգտումը:

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների պատմությունն ի սկզբանե խարսխվել է մեր ժողովուրդների անկեղծ համակրանքի, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Դարեր ի վեր մեր մշակութային ռահվիրաները՝ գրողներն ու լուսավորիչները, նկարիչները, դրամատուրգները, դերասաններն ու երաժիշտները իրենց խոսքն ու գործը ծառայեցրել են հայ եւ վրացի ժողովուրդների մերձեցմանը:

Այս պահին տեղին է հիշել մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետեւյալ տողերը. «Մի մեծագույն իմաստություն կա՝ ժողովուրդների լավ հարաբերությունները, որ գալիս են դարերի խորքից»: Իսկապես, հենց այսպիսին՝ պատմության էջերից սերող է հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությունը: Այն ծնվել է հեռավոր անցյալում, արմատավորվել ու կաթիլ-կաթիլ ամրացել դարերի ընթացքում։

Մենք յուրահատուկ ջերմությամբ ենք վերաբերում Վրաստանին ու վրացականին: Այսօր մեր կենցաղի մաս են կազմում թե՛ վրացական կինոն, երգն ու պարը եւ թե՛ վրացական հացը, գինին եւ խոհանոցը։

Եվ կարեւոր է, որ այսօր Վրաստանի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք ժամանակի ոգուն ու մեր հարուստ ժառանգությանը համահունչ, ինչը մեր միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների անսասան հիմքն է, եւ ինչը մենք իրավացիորեն կոչում ենք՝ եղբայրական:

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի այս հոբելյանական տարում մենք հպարտանալու բան ունեք։ Կարող ենք գոհունակությամբ փաստել, որ մեր համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Ուրախ եմ, որ մեր երկրների միջեւ ավանդական բազմաշերտ կապերը տարեցտարի նոր բովանդակությամբ են հարստացվում: Խոսքս առաջին հերթին այնպիսի կարեւոր ոլորտներում համատեղ ձեռքբերումների մասին է, ինչպիսիք են տրանսպորտային, էներգետիկ, գյուղատնտեսական եւ զբոսաշրջության ոլորտները: Հետեւողականորեն ընդլայնվում եւ բազմազան է դառնում մեր առեւտրաշրջանառության կառուցվածքը, ակտիվանում է համագործակցությունը գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտներում:

Խորհրդանշական է, որ մեր երկխոսությունը մշտապես ընթանում է լիակատար փոխըմբռնման եւ փոխվստահության մթնոլորտում: Հավատացած եղեք, որ մենք հետեւողական ենք մեր փոխադարձ ջանքերի առարկայացման հարցում, ինչի արդյունքները անկեղծորեն գոհացնում են հայ ժողովրդին։

Իհարկե, հայ-վրացական բարեկամության թելերից մեկն էլ մեծաքանակ հայ համայնքն է, որը լինելով վրաց հասարակության ներդաշնակ մի մասը՝ ձեր ժողովրդի հետ միասին կերտում է Վրաստանի ապագան: Մի առիթով վրաց ժողովրդի արժանավոր զավակներից մեկը, հռչակավոր գրող Նոդար Դումբաձեն ասել է. «Հայերը եւ վրացիները հնագույն մշակույթի ժողովուրդներ են: Մենք միասին ենք քայլել պատմության քառուղիներով: Մենք հարեւաններ ենք ‎ֆիզիկապես, մինչդեռ ոգով, պաթոսով, արարմամբ նույն էությունն ենք: Մեր հարազատությունը մեզ ճակատագրով է տրված»։

Պատմությունն ինքն է վկայում, որ մեր պետությունների ամենակարեւոր շաղկապը հենց մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն է, հոգեւոր ու մշակութային մտերմությունը: Մեզ միավորող արժեքներ, որ երկար, շատ երկար փորձաշրջան են անցել։ Եվ հենց սա է մեր փոխգործակցության ելակետը:

Հարգելի՛ բարեկամներ,

Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Վրաստանի Նախագահի եւ տիկին Չիչուայի, Վրաստանի բարօրության ու առաջընթացի, եւ իհարկե ի պատիվ մեր երկկողմ բարեկամության ապագայի»:

Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ելույթը Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ընդունելությանը

Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Նախագահ,

Պարո՛ն Սերժ Սարգսյան,

Տիկի՛ն Ռիտա Սարգսյան,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Սրտանց ողջունում եմ բոլորիդ:

Ուրախ եմ ինձ ընձեռված հնարավորության՝ Վրաստանում Ձեզ հյուրընկալելու համար:

Այսօրվա այցը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ պատմական բարեկամության եւս մեկ ակնառու արտահայտություն է: Հատկանշական է, որ մեր դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 25-ամյակն ավարտվում է նման հիշարժան իրադարձությամբ:

Մենք միայն հարեւաններ չենք, մեր համագործակցության ավանդույթը հազարամյակների պատմություն ունի, եւ այն այսօր եւս հաջողությամբ զարգանում է: Մեր բարեկամության գաղտնիքը միայն Քարթլոսի եւ Հայոսի լեգենդար եղբայրությունը չէ: Մեր մշակույթը, արվեստը, բանահյուսությունը, ավանդույթները միմյանց հետ փոխշաղկապված են, իսկ պատմությունը հագեցած է փոխսատարման օրինակներով:

Ճիշտ դա է մեզ հնարավորություն տվել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ, միավորել է մեզ բազմաթիվ մարտահրավերիների դեմ եւ պահպանել տվել այն ինքնատիպությունը, ինչով այսչափ հպարտանում են մեր ժողովուրդները:

Ձերդ Գերազանցություն,

Վրաստանը շատ է գնահատում եւ փայփայում այս բարեկամությունը:Մենք ուրախությամբ ենք հետեւում այն հաջողություններին, որոնց Հայաստանի Հանրապետությունը հասնում է Ձեր ղեկավարությամբ:

Օգտվելով առիթից եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման առիթով:

Այստեղ կրկին ցանկանում եմ հավաստել, որ Վրաստանը միշտ կլինի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության ակտիվ աջակցող:

Մենք պատրաստ ենք եւ՛ այսօր, եւ՛ ապագայում մեր բարեկամների հետ կիսվել մեր եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման օգուտներով եւ այն հնարավորություններով, որ Վրաստանը ստեղծում է տարածաշրջանների եւ մայրցամաքների միջեւ համագործակցության առումով:

Պարո՛ն Նախագահ,

Ուրախ եմ, որ մեր հարաբերությունների ամուր եւ հրաշալի ավանդույթները ամրապնդվում են մեր անձնական բարեկամությամբ եւս: Ես հիշում եմ իմ այցը Հայաստան եւ անջնջելի տպավորությունները, որոնք ես ունեցել եմ Ձեր սրտաբուխ հյուրընկալության արդյունքում: Դրանից հետո մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, եւ դրանք բոլորն էլ բարեկամությամբ եւ անկեղծությամբ էին ոգեշնչված:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ճիշտ այս ոգով թույլ տվեք ձեզ առաջարկել մեր թանկագին հյուրի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ առաջին տիկնոջ՝ տիկին Ռիտա Սարգսյանի, կենացը:

Ուզում եմ նաեւ շնորհավորել Ձեր բոլորի գալիք՝ 2018 տարին եւ մաղթել երջանկություն, առողջություն եւ բազում հաջողություններ՝ բարեկամ հայ ժողովրդի խաղաղության եւ բարեկեցության համար:

Կեցցե՛ն մեր հյուրերը,

Կեցցե՛ մեր բարեկամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ