News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի հեղինակությունը բարձրացնելու համար, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով պետք է նախատեսվի նաեւ վնասի հատուցում, ինչպես Եվրոպական դատարանի դեպքում է: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Օրինագիծը ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ մասնավորապես, փոփոխվել է Սահմանադրական դատարանի մասին օրինագծի 68-րդ հոդվածը. «Այդ հոդվածով նախատեսված էր, որ ՍԴ-ն իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննում է բացառապես գրավոր ընթացակարգով, մինչդեռ, եթե հարցը ձեռք է բերել հասարակական հնչեղություն կամ կարող է դռնբաց ընթացակարգով գործի քննությունը նպաստել գործի հանգամանքների առավել արդյունավետ կերպով լուծմանը, ապա ՍԴ-ն պետք է իրավունք ունենա այդ գործերը քննել նաեւ բանավոր ընթացակարգով»:

Մյուս լրացումն այն է, որ երբ կառավարությունը ՍԴ-ին ներկայացնում է վավերացվելիք միջազգային պայմանագրերը ու ՍԴ-ն տեսնում է, որ նման միջազգային պայմանագիրը վերաբերում է ՀՀ ինքնիշխան իրավունքներին, ապա պարտադիր դրա մասին նշում է կատարում, որպեսզի նախագիծը ներկայացվի որպես հանրաքվեին դրվելիք հարց:

Օրինագծի վերաբերյալ մի քանի առաջարկ էր ներկայացրել «Ելք» խմբակցությունը, որոնցից մեկը վերաբերում էր հատուցման ինստիտուտ մտցնելուն. «Քանի դեռ ՄԻԵԴ-ում չկար մարդու իրավունքների կոնֆենցիայով նախատեսված արդարացի հատուցման իրավունքի իրականացումը, դատարանը մեծ հեղինակություն չէր վայելում, իսկ երբ այն ներառվեց, ՄԻԵԴ-ի հեղինակությունը բարձրացավ եւ ի վերջո, դարձավ միջազգային ամենակիրառելի պայմանագիրը: Մեր երկրում ՍԴ-ի հեղինակությունը բարձրացնելու նպատակով նույն դրութը կիրառել: ՍԴ որոշմամբ հաստատվում է իրավունքի խախտումը եւ պետությունը պետք է դրա դիմաց հատուցում նախատեսի, այդ թվում բարոյական վնասի: 300 մարդ ՍԴ-ում գործ են շահել, նրանցից միայն մեկին է հաջողվել ստանալ դատական ծախսերի հատուցում: Սա շատ անարդյունավետ մեխանիզմ է, ինչի վրա նա ծախսել է 10 տարի»:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան նշեց, որ գաղափարն ընդունելի է, որ բայց դրա իրականացման ֆորմատի հետ կապված խնդիրներ կան, որին առաջիկայում իրենք կանդրադառնան:

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ սահմանադրական դատարաններն իրենց կառուցվածքով հարմարեցված չեն նաեւ վնասի հատուցման հարցերը հաշվարկելու, նման խնդիրները քննարկելու ու լուծելու համար, իսկ զուգահեռները ՄԻԵԴ-ի հետ այնքան էլ տեղին չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ