News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանի օգտին կայացրած ՄԻԵԴ վճիռը աննախադեպ չէր մեր երկրի համար։ Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ կալանավորման պրակտիկան մեր երկրում կատարելագործման կարիք ունի եւ շատ ժամանակ մարդու իրավունքները խախտվում են․ «Եվրոպական դատարանը հաստատեց, որ կալանավորման ընթացքում չեն պահպանվել կոնվենցիոն եւ օրենքի այլ պահանջները, թե Ալեքսանդր Արզումանյանի, թե այլ դեպքերում, որովհետեւ չեն հիմնավորվել կալանքի արտոնությունները», - նշեց Կոստանյանը:

«Հանրապետության նախագահը վերջին 1 տարվա ընթացքում առնվազն 3 խոշոր կարեւոր առիթներով մտահոգություն է հայտնել ու համապատասխան հանձնարարականներ տվել կալանքի պրակտիկայի հետ կապված: Միայն հիշեցնեմ Դատախազության կոլեգիայի նիստում նախագահի ելույթը, որտեղ նախագահի հանձնարարականները եւ հիմնական մտահոգությունները պայմանավորված էին կալանքի պրակտիկան մեր երկրում փոխելու անհրաժեշտությամբ: ՄԻԵԴ-ը հաստատեց դա, որ կալանավորման ընթացքում չեն պահպանվել կոնվենցիոն պահանջները, որովհետեւ չի հիմնավորվել կալանքի անհրաժեշտությունը»,- ասաց Կոստանյանը։

Դիտարկմանը, որ առաջին անգամ է, որ դեսպանին պետք է փոխհատուցեն ՄԻԵԴ-ի վճռով, Գեւորգ Կոստանյանը նկատեց, որ այն ժամանակ, երբ Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ում վիճարկել էր իր իրավունքը, դեռեւս Դանիայում ՀՀ դեսպանը չէր. «Իսկ այն, որ վճիռ կայացվեց՝ դեսպան լինելով, դա նաեւ դրական նշանակություն ունի այն իմաստով, որ մեզ համար որեւէ նշանակություն չունի ում իրավունքն է խախտվել՝ իշխանության մեջ գտնվող, թե չգտնվող անձի»։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռով սահմանել էր, որ Հայաստանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը երեք ամիսների ընթացքում Արզումանյանին վճարել 2500 եվրո գումար:

Արզումանյանը հայտարարել էր, որ ՄԻԵԴ վճռով փոխհատուցման գումարները ստանալուց հետո դրանք կուղղի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ