News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արդեն 5 տարի է, ինչ Գայանե Հովհանյանը փորձում է բացահայտել հոր մահվան առեղծվածը: Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն վստահ է՝ կատարվածը սպանություն է:

«Ինքնասպան լինող մարդը նախ գրություն է թողնում, կամ մի բան, որ հասկանանք՝ նման մտադրություն ունի: Կամ ինքնասպան լինողը պարանը այնպես է գցում պարանոցին, որ հանգույցը հետեւի մասում է ընկնում, ոչ թե առջեւի: Դրանից արդեն հասկացվում է, որ ծառից կախելու միջոցով սպանել են հորս»,- պատմում է Գայանեն: Դստեր խոսքով՝ հոր մահվան պատճառը չարաբաստիկ քարի սալիկներն էն եղել, որոնք հայրը աշխատավայրից ցանկացել է բերել տուն` բակը վերանորոգելու համար:

«Հայրս Ավետիսյանների քարի արտադրամսում է աշխատել որպես պահակ, հետո էլ անընդհատ կանչում էին, թե արի աշխատի որպես բանվոր, օրականներ կստանաս: Հայրս էլ, ճիշտ է, առողջության հետ խնդիրներ ուներ, բայց տղամարդ էր, ուզում էր տանից դուրս գալ, գումար աշխատել, ու շարունակում էր գնալ աշխատանքի: Մի անգամ էլ փոքր մեքենայով ցանկացել է քարի ջարդոն բերել, որ տան բակը վերանորոգի: Մեծ մեքենայով քարի ջարդոնը, նույնիսկ քննիչներն են արձանագրել, 5000 դրամ կարժենար, չգիտեմ թե այդ մի քանի կտոր քարը ինչ էր արժենալու, անգամ եթե բրիլիանտից քարեր լիներ, արժե՞ր դրա համար մարդ սպանել: Հետո էլ կանչել էին հորս, նա էլ ուտելիքով, խմիչքով գնացել էր, ու այս պատմությունն էր եղել՝ Ավետիսյաններ եղայրները ծեծել են, հետո ծառից կախելով սպանել»,-ասում է Գայանեն:

2013 թվականից առ այսօր Գյանջիրով Հովհանյանի գործն ընթացքի մեջ է եւ նրա դստեր խոսքով` ինքը չի թողնի այն փակվի, մինչեւ չապացուցվի իրականությունը:

«Իհարկե թույլ չեմ տալու` գործը փակվի քանի սիրտս աշխատում է, քանի որ առկա էին բազմաթիվ հետքեր կոտրվածքներ , արյան մեծ քանակություն մարմնի տարբեր հատվածներում, նույնիսկ արյունը կոշիկի մեջ էր լցվել եւայս ամենը հիմք էր տալիս ենթադրելու, որ դա չէր կարող ինքնասպանություն լիներ եւ ի վերջո իմ հորը ճանաչելով թեկուզ մեկ տոկոս կասկածեի, որ կարող է կատարվածը ինքնասպանություն լիներ, միանշանակ այսքան աղմուկ չէի բարձրացնի»,- պատմում է Գայանեն:

Բազմաթիվ դատական նիստերի մասնակցելով եւ տարբեր ատյաններում  գործը բողոքարկելու ժամանակ Գայանեն հասնում է մի սահմանի, որ այլեւս չի հասկանում իրավական տերմինաբանություն եւ որոշում է` դառնալ իրավաբան եւ ինքնուրույն բացահայտել հոր մահվան առեղծվածը: Գայանեն ցանկանում էր ընդունվել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության բաժինը, սակայն վարձավճարի չափի  պատճառով ընդունվում է Մաշտոցի անվան համալսարանի իրավագիտություն բաժինը: Այժմ նա բացարձակ գերազանց առաջադիմությամբ  ուսումնասիրում է իրավագիտություն: Նրա նպատակն կյանքի այս փուլում մեկն է` դառնալ իրավաբան եւ կանգնել իր նման անօգնական վիճակում հայտնված մարդկանց կողքին:

«Սեփական մաշկի վրա զգալը նման մեծ ողբերգությունը,  իմ հոր հետ կատարվածը ինձ տարավ նրան, ես հասա մի պահի, որ ոչ փաստաբաններին էի հասկանում, ոչ քննիչներին ի վերջո չէի հասկանում դատավարական լեզուն` ինչ են ասում, ինչ են ուզում, ինչ են ինձ խաբում եւ փառք Աստծո այս ընթացքում հանդիպեցի իրավական լրագրող Զարուհի Մեջլումյանին եւ ինքն ինձ ուղղակի պարտավորեցրեց, որ այսքանից հետո ես պետք է դառնամ իրավաբան եւ հիմա նպատակս մեկն է կանգնել ինձ նման անպաշտպան մի մարդու կողքին եւ նրան հասցնել իր նպատակին, որ իմ սովորածն իզուր չանցնի»,-ասում է Գայանեն:

Նշենք, որ Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մասնակիորեն բավարարվել է նրա բողոքը. դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են, և պարտավորեցրել է վերացնել դրանք: Այս որոշման դեմ այս անգամ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Արարատի դատախազությունը՝ պնդելով, որ Գայանե Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, կատարվել է օբյեկտիվ քննություն: Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության ներկայացրած բողոքը:

Այնուհետեւ երկրորդ փուլում գործը քննել է հատուկ կարեւոր գործերով քննչական վարչությունը, եւ գործը կասեցրել էին, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այս որոշումը եւ այժմ գործը Վճռաբեկ դատարանում է:

Տպել
Ամենաշատ