News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ընդերքը շահագործող ընկերություններն այսուհետ պարտավոր են բանկերում փող կուտակել, որը կօգտագործվի հանքի շահագործումից հետո, կամ այն վաղաժամ դադարեցնելուց հետո տարածքի ռեկուլտիվացիայի համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը:

Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ 2017-ի ընթացքում օրենսդրական ինչ քայլեր է կատարել Բնապահպանության նախարարությունը:

2017 թվականն այս առումով բավականին արդյունավետ էր՝ ընդունված իրավական ակտերի քանակի առումով: Նախարարության նախաձեռնությամբ ընդունվել է 52 նորմատիվ իրավական ակտ, այդ թվում` 11 օրենք, ՀՀ կառավարության 31 որոշում,  ՀՀ բնապահպանության նախարարի 10 հրաման:

Մեզ հետաքրքրում է, թե դրանք որքանո՞վ են առնչվում հասարակությանը մտահոգող բնապահպանական խնդիրների լուծմանը։ Օրինակ տարեսկզբից լրատվամիջոցներում բազմաթիվ ահազանգեր հնչեցին պոչամբարներից արտահոսքերի եւ շրջակա միջավայրի աղտոտման դեպքերի վերաբերյալ։ Ի՞նչ քայլեր են կատարվել հնչած ահազանգերի ուղղությամբ եւ ինչ է արվել խնդիրները հիմնովին լուծելու նպատակով։

Ձեր հիշատակած բոլոր դեպքերին արձագանքել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը եւ համապատասխան պարզաբանումներն արդեն հրապարակվել են։ Ես ներկայացնեմ, թե կոնկրետ ինչ քայլեր են արվել խնդրի իրավական կարգավորման ուղղությամբ։ 2017թ․մեր կողմից իրականացված Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի փոփոխություններով ընդերքօգտագործողների համար սահմանվել է ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով մշտադիտարկման իրականացման եւ այդ մշտադիտարկումների տվյալների հրապարակայնացման պահանջ: Այսինքն՝ օրենսդրական նախաձեռնությամբ մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններին պարտադրվել է  կատարել շրջակա միջավարի վրա /հող, ջուր, օդ/ ազդեցության մոնիթորինգ եւ լաբորատոր արդյունքները հրապարակել եռամսյակը մեկ անգամ, իսկ ոչ մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվողներն այն կատարելու են տարեկան պարբերականությամբ։

Ընդունված օրենսդրական փոփոխությունները տնտեսվարողին ստիպում են ավելի պատասխանատու լինել բնապահպանական նորմերի պահպանման առումով, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի աղտոտումը, եւ բացառել վթարների կամ արտակարգ դեպքերի թաքցնելը կամ քողարկելը։ Նշեմ նաեւ, որ դեռեւս 2016 թվականին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին, որով ընդերքօգտագործողների համար պարտադիր պահանջ սահմանվեց ունենալ ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ վերամշակման պլաններ:

2017 թվականի ընթացքում ընդունված կառավարության որոշումների մի ստվար հատվածը կարգավորում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների հետ կապված հարաբերությունները: Այս փոփոխություններով էլ լուծվում են հասարակությանը հուզող լքված եւ շահագործումից հետո հանքերի, պոչամբարների ռեկուլտիվացման հարցերը։ Նախկինում տնտեսվարողներն ընդեքօգտագործման թափոնների կառավարման պլաններ չեն ունեցել։ Նոր փոփոխություններով վերջիններս ոչ միայն պարտավոր են ունենալ այդ պլանները, այլեւ ընկերությունների երաշխավոր հանդիսացող բանկերի համապատասխան հաշիվներում կուտակել գումարներ, որոնք կօգտագործվեն հանքի շահագործումից հետո, կամ այն վաղաժամ դադարեցնելուց հետո տարածքի ռեկուլտիվացիայի համար։

Գլոբալ կլիմայական փոփոխությունների պայմաններում առաջնային են դառնում հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Տարեցտարի գյուղացիների համար ավելի է դժվարանում ոռոգման խնդրի լուծումը։ Լուրջ խնդիրներ կան նաեւ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների պահպանման հարցում։ Ի՞նչ քայլեր են արվել այս խնդիրների լուծման ուղղությամբ:

Այդ խնդիրը նույնպես եղել է Բնապահպանության նախարարության ուշադրության կենտրոնում։ Ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ են կառավարման պլաններ։ Հայաստանի տարածքը բաժանված է 6 ջրավազանների։ Նախորդ տարի կառավարությունն իր որոշմամբ հաստատեց Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանի եւ միջոցառումների ծրագիրը: Այն 6 ջրավազաններից երրորդն է, որն արդեն ունի կառավարման ծրագիր։ Կառավարման պլանները ռազմավարական, համապարփակ փաստաթղթեր են, որոնք նախանշում են տվյալ ջրավազանային տարածքի զարգացման եւ կառավարման հիմնական ուղղությունները միջնաժամկետ կամ երկարաժամկետ ժամանակահատվածի համար:

Ջրավազանային կառավարման պլաններով հավասարակշռվում են ջրօգտագործողների եւ շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, դրանցով կարգավորում ենք տվյալ տարածքի ջրապահանջարկը` ջրային օրենսդրությամբ սահմանված գերակայություններին համահունչ: Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի կառավարման պլանի հաստատումը կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ այս տարածքը ներառում է Արարատյան դաշտի մի մասը:

Ինչ վերաբերում է Արարատյան դաշտի խորքային ջրերի խնայողությանը, ապա ասեմ, որ ՀՀ բնապահպանության նախարարության ձեռնարկած միջոցառումների /խորքային հորերի լուծարում, կոնսերվացում, փականային ռեժիմների կարգավորում եւ չափաբերումներ/ արդյունքում խնայած ջրաքանակը  տարեկան կազմել է 157 մլն մ³, ինչը կազմում է ձկնաբուծական տնտեսությունների կողմից Արարատյան դաշտի խորքային ջրերից օգտագործվող ջրաքանակի 23 տոկոսը։

Խորքային ջրերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված քայլերից կառանձնացնեի նաեւ ՀՀ ջրային օրենսգրքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը սահմանվել է որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ: Նախկինում այս գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ էր: Այստեղ, կարելի է ասել, հաջողությամբ համադրել ենք ՀՀ կառավարության որդեգրած` վարչարարության թեթեւացման, գործարար միջավայրի բարելավման քաղաքականությունը ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նկատմամբ արդյունավետ վերահսկողության հետ` հատկապես հաշվի առնելով Արարատյան դաշտում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու խնդրի կարեւորությունը: Հորատող մեքենաները պարտադիր պետք է ունենան նաեւ GPS համակարգ, ինչը թույլ կտա լիարժեք վերահսկողություն իրականացնել։

Նախորդ տարի ընդունվեց «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունը դարձավ Մինամատայի կոնվենցիան վավերացրած 85-րդ երկիրը: Սնդիկով շրջակա միջավայրի աղտոտումը համամարդկային խնդիրների շարքին է դասվում, որը մարդու առողջության վրա կարող է անդառնալի բացասական ազդեցություն ունենալ եւ կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ-ն կմիանա այն երկրներին, որոնք ներդնում են ջանքերը խնդիրը լուծելու համար:

Մեր երկրում առկա բնապահպանական խնդիրների հիմնական պատճառներից մեկը բնապահպանական մշակույթի ցածր մակարդակն է։ Այն բարձրացնելու նպատակով վերանայել ենք «Էկլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքը, որում ամրագրվել են նորարարական մոտեցումներ եւ այն համապատասխանեցրել արդի հասարակական հարաբերություններին, ինչպես նաեւ կայուն զարգացման սկզբունքներին: Մշակվել է նաեւ Էկոլոգիական կրթության եւ զարգացման ռազմավարություն եւ ներկայացվել ՀՀ կառավարություն։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ