News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագծով ուզում են համայնքներում ստեղծել Հանրապետական կուսակցության քաղաքական մոնոպոլիա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, օրենքի նախագիծը լի է հակասություններով. «Ինչու, եթե դեռ չենք ավարտել համայնքների խոշորացման փուլերը, եթե գոնե մեկ խոշորացման հաջողված պատմություն չունենք, դուք ինքներդ նշեցիք, որ դեռ վաղ է խոսել խոշորացման երկրորդ փուլի մասին, հիմա բերում ենք նման նախագիծ: Դուք փորձում եք հիմա էլ համայնքներում ստեղծել ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիա: Ձեր սիրած մեծամասնությունը ուզում եք տեղափոխել նաև համայնքային հարթակ»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ զանգեր է ստանում համայնքապետերից, որոնք նշում են, որ այս նախագիծը կործանելու է համայնքները, որոնք խոշորացման արդյունքում դեռ չեն կարողանում գալ կայուն վիճակի:

«Եթե ասում եք, որ միջհամայնքային միավորումներ ստեղծվելու են հանրային շահը սպասարկելու համար, միգուցե հանրաքվենե՞ր անեք, մենք այդ գործիքը գրեթե չենք օգտագործել: Լսեք համայնքների կարծիքը, բայց ոչ, բերել եք մի կետ, որ այդ միավորումները լինելու են կամավոր կամ օրենքով: Այսինքն եթե կամավոր չհամաձայնեք, կբերենք ԱԺ-ում մեկ կոճակ դարձած մեծամասնությունը կքվեարկի ու օրենք կընդունի: Սա կործանելու է համայնքները, խիզախություն ունեցեք ասելու կառավարությանը, որ հետ տանի նախագիծը»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ օրինագծի միջհամայնքային միավորումները կարող են ձեւավորվել երկու եղանակով՝ կամավոր եւ կառավարության կողմից՝ հանրային շահերից ելնելով: Այս նախագծով սահմանվում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:

Ըստ այդմ, միջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորությունները:

Նրա խոսքով, միջհամայնքային միավորումը կարող է ունենալ գույք, ունենալ եկամուտներ, ծախսեր, կնիք: Միջհամայնքային միավորման խորհուրդն իրավունք ունի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ անհատական իրավական ակտեր: Միջհամայնքային միավորումը կստեղծվի ավագանիների կողմից կամ օրենքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ