News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Տպավորություն է, որ Հայաստանում նախագահի ինստիտուտի համալիր նսեմացման գործընթաց է սկսվել: Այս մասին, այսօ՝ր փետրվարի 8-ին, ԱԺ-ում «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Միգուցե ընդհանրապես Սահմանադրությամբ չնախատեսեինք նախագահի ինստիտուտ, եթե նրան որեւէ իրական լիազորություն չէինք տալու: Հիմա էլ այս օրենքով ներման իրավունքը վերցվում է՝ նախագահից, մինչդեռ Սահմանադրության մեջ ներման մասով միայն ՀՀ նախագահի մասին է խոսվում:

Որպես միջնորդող մարմին կարող էր լինել ոչ թե վարչապետը, այլ օրինակ ՔԿՀ-ն, որը համապատասխան փաստաթղթերը կուղարկեր Քրեակատարողական վարչություն, այնտեղից էլ նախագահին»,-ասաց Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ ներման մասին նախագահի հրամանագրերը պետք է լինեն հրապարակային. «Ասվում է, որ լավ կլինի, եթե դա հրապարակային չլինի, որովհետեւ դա կկաշկանդի նախագահին: Ես էլ ասում եմ՝ հանրային կարծիքը, տեղեկություն ստանալու նրա իրավունքը այնքան բարձր է, որ նա պետք է իմանա, թե ում ներում շնորհեց նախագահը, ում առաջարկությամբ եւ ինչ հանցագործություն է կատարել դատապարտյալը:

Հրապարակեք, թող բոլորը տեսնեն՝ ով է ներվում եւ ինչի համար: Ավելին՝ մենք նախագահի ինստիտուտը նախատեսել ենք մեկ ժամկետով՝ 7 տարի, եւ նա որեւէ բանից կաշկանդված չպետք է լինի: Մտավախություն ունե՞ր հանրային կարծիքից, թող չներեր: Գաղտնի ներելու իմաստը ո՞րն է: Նախագահը ապագայում վերընտրվելու, ձայն հավաքելու, իր մասին լավ կարծիք ձեւավորելու խնդիր չունի: Թող ների, բայց հասարակությունը պետք է իմանա»,-հայտարարեց «Ելք»-ի պատգամավորը:

Նա չհամաձայնեց այլ պատգամավորների այն կարծիքին, որ կարելի է դատապարտյալին ներում շնորհել, եթե վերջինս չի դիմել նման խնդրագրով: Օրենքի նախագիծը սահմանում է, որ անպայման պետք է լինի դատապարտյալի խնդրագիրը:

Մարուքյանը դեմ է նաեւ տեսակետին, թե պետք է թույլ տալ, որ ներման խնդրագրով հանվի նաեւ դատվածությունը. «Պետք է դատված մարդը տարբերվի այն մարդուց, որը չի դատապարտվել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ներման մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ ներման առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնելու է վարչապետը: Վարչապետի կողմից ներում շնորհելու կամ մերժելու առաջարկությունն ստանալուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին:

Այս պարագայում վարչապետը կամ ընդունում է առարկությունները, կամ եթե չի ընդունում, նորից առաջարկության նախագիծը ներկայացնում է ՀՀ նախագահին: Այդ դեպքում ՀՀ նախագահը կամ պետք է ստորագրի հրամանագիրը կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը հրամանագիրը չի ստորագրում, միեւնույն է, այն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով:

Այսինքն ստացվում է, որ ՀՀ նախագահը չի կարող ինքնուրույն ներում շնորհել որեւէ մեկին, եթե չկա վարչպետի համապատասխան առաջարկությունը: Ավելին, եթե ՀՀ նախագահը համաձայն չէ ներկայացված առաջարկին, ապա այն, միեւնույն է, կարող է ընդունվել, եթե վարչապետը նորից նույն առաջարկությամբ հանդես գա: Նախագահը կարող է պարզապես առարկություններով վերադարձնել առաջարկը վարչապետին, կարող է  նաեւ դիմել ՍԴ:

Հայաստանում ներման իրավունքը վերցվում է ՀՀ նախագահից եւ տրվում վարչապետին. Մարուքյան

Դատապարտյալին ներում շնորհելու առաջարկը վարչապետն է ներկայացնելու նախագահին

Տպել
Ամենաշատ