News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն, այսօր՝ փետրվարի 9-ին, երկրորդ ընթերցմամբ 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որով մասնավորապես նախատեսվում է դատական նիստերի ժամանակ փաստաբաններին մինչեւ 100 հազար դրամով տուգանելու դրույթը:

Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ փաստաբաններին տուգանելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքի սկզբունքներին. «Այս օրենքը քվեարկելու պարագայում Փաստաբանների պալատին կոչ եմ անում անմիջապես դիմել Եվրոպական դատարան իրենց իրավունքների խախտման փաստը ճանաչելու պահանջով: Կարիք չկա սպառել ներպետական դատական ատյանները, որովհետեւ օրենքի առկայությունը բավարարել է զոհի կարգավիճակ ունենալու համար: Ես պատրաստ եմ օգնել փաստաբաններին այդ հարցում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց. «Դատական համակարգի խայտառակ վիճակը, որը չի սպասարկում ոչ բիզնես շահ, ոչ հանրային շահ, դա փաստաբանների մեղքով չի: Մենք դատական վեճը վարող դատավորին սրանով տալիս ենք լրացուցիչ մտրակ, որ փաստաբանին պատժի եւ հավասարակշռությունը փոխի»: Այդուհանդերձ, նա հայտնեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ազատ կքվեարկի:

ՀՀԿ խմբակցությունից Գեւորգ Կոստանյանն էլ նկատեց. «Ասյ երկու օրը լսում ենք, որ փաստաբաններին տուգանելը եվրոպական կոնվենցիայի խախտում է, որ հետագայում ՄԻԵԴ-ում կավելանան Հայաստանի դեմ բողոքները: Բացարձակապես ոչ: Փաստաբանին տուգանելը անգամ չի դիտվում ոչ քրեական, ոչ քաղաքացիական պատիժ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով: Հետեւաբար խնդրում եմ ուղղակի ընդունեք ի գիտություն, ՄԻԵԴ-ի հետ վտանգ չկա սրանով»:

Նախօրեին, օրենքի նախագծի քննարկման ժմանակ Արտակ Զեյնալյանը նշել էր, որ Եվրոպական դատարանն ունի նախադեպեր, որով սահմանվում է, որ դատավորը չի կարող միաժամանակ լինել իրավունքի խախտման զոհ եւ դատավոր. «Այսինքն եթե դատավորը ասենք վիրավորվեց, այս օրենքով ինքը տեղում անցկացնում է նախաքննություն, որոշում է, որ մեղավոր է, մեղադրական եզրակացությամբ դիմում է ինքն իրեն եւ ինքն էլ դատապարտում է: 100 հազար դրամի տուգանքը իր բնույթով քրեական պատիժ է: Այստեղ պետք է լինեն բոլոր երաշխիքները,  մարդու իրավունքները պաշտպանելու համար: Սա հակասահմանադրական օրենք է: Եթե ընդունենք սա, հետագայում ՄԻԵԴ-ում պարտություններ ենք ունենալու, հետո բերելու ենք բոլոր դատավորներին ենթարկենք պատասխանատվության»:

Հիշեցնենք, որ փաստաբանների մի հատվածը այս փոփոխությունների դեմ արդեն մի քանի օր է գործադուլ է անում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել