News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կործանված Ան-148 ինքնաթիռի երկու պարամետրային ինքնագրերից մեկը, ըստ նախնական տվյալների, գտնվում է նորմալ վիճակուն: Այս մասին հայտնել են վթարի վայրում օպերատիվ շտաբում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Նախնական կարելի է ասել, որ սեւ արկղի՝ պարամետրային ինքնագրի, արտաքին տեսքը նորմալ է: Այն փոխանցվել է վերծանման»,-հայտնել է գործակալության զրուցակիցը` նշելով, որ դրա վրա ջերմային ազդեցության հետքեր չկան: Նրա խոսքով՝ երկրորդ ինքնագիր սարքի որոնումները շարունակվում են:

Ինչպես հայտնել է Պրիվոլժսկի դաշնային շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Բաբիչը, Ան-148-ի վթարի զոհերի ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ բոլոր նմուշները կվերցվեն զոհվածների՝ այժմ Օրսկում գտնվող հարազատներից:

«Տվյալ պահին Օրսկում աշխատում է Օրենբուրգի մարզի նահանգապետ Յուրի Բերգը: Վթարի վայրում համապատասխան շտաբ է ձեւավորվել, աշխատում են քննչական մարմինները, արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մենք աշխատանք ենք տանում զոհերի հարազատների հետ, ցուցակները ճշտվում են: Պատրաստվում են քննության համար բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը: Մարդկանց ավելորդ անգամ չխանգարելու համար որոշում է կայացվել բոլոր փորձաքննություններն անցկացնել տեղում եւ հնարավորինս արագացնել այս գործընթացը: Վաղն ԱԻՆ-ը մասնագետների հետ միասին պետք է լինի Օրսկում, եւ այդ աշխատանքները տեղում կիրականացվեն»,- ասաց Բաբիչը:

Նա նաեւ նշել է, որ լիազոր ներկայացուցչությունն անում է ամեն ինչ՝ զոհերի հարազատների եւ ընկերների հետ հարցերը հնարավորինս շուտ լուծելու համար:

Նշենք, որ ինքնաթիռում 65 ուղեւոր է եղել եւ անձնակազմի 6 անդամ: Վերջին տվյալներով՝ նրանցից ոչ ոք կենդանի չի մնացել: Մինչ այժմ հայտնաբերվել են երկու մահացածի մարմինները, ինչպես նաեւ՝ երկու ինքնագիր սարքերից մեկը:

«Ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների թվում են 5 տարեկան մի աղջիկ, ինչպես նաեւ 12 եւ 17 տարեկան երկու տղա»,- հայտնել են քաղաքային վարչության մամուլի ծառայությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ