News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ռոսօբորոնէքսպորտի» դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները տարածվում են միայն ռուսական ընկերությունների վրա: Փետրվարի 14-ին «ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական գործարքների հետագա կնքման վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:

Նրա խոսքով՝ այս պատժամիջոցներն օրենսդրական մակարդակում անհնար է տարածել ռուսական սպառազինության գնորդների վրա: «Սա անհնար է իրավաբանորեն անել եւ կարող է բողոքարկվել: Ուստի առավել հավանական է, որ ԱՄՆ-ն որեւէ պատժամիջոց չի սահմանի այն պետությունների դեմ, որոնք ռուսական սպառազինություն են գնում»,- պարզաբանեց Եվսեեւը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կարող է ազդեցության այլ լծակներ գործարկել: Ըստ որում, ինչպես նկատեց փորձագետը, ԱՄՆ-ն կարող է ռուսական սպառազինություն գնող այս կամ այն երկրին ցուցաբերվող օգնությունը կրճատել, ամերիկյան ֆինանսական միջոցներով իրականացվող ծրագրերի թիվը փոքրացնել, որոշ այլ ոլորտներում փոխգործակցությունը նվազեցնել, ընդհանրապես աջակցությունը նվազագույնի հասցնել: «Այսինքն՝ իմ կարծիքով, ռուսական սպառազինություն ձեռք բերող պետությունների վրա ուղղակի ազդեցություն չի լինի: Այս հարցում Թրամփի վարչակազմը մեծ քանակությամբ հնարավորություններ ունի, քանի որ այն, ինչ գրված է ռուսական սպառազինության մատակարարումների էական ծավալի առիթով, հնարավոր կլինի բացարձակապես տարբեր կերպ մեկնաբանել»,- պարզաբանեց Եվսեեւը:

Այս ամենը հաշվի առնելով՝ ռազմական փորձագետը կարծում է, որ Հայաստանը ԱՄՆ-ի կողմից իր դեմ պատժամիջոցներ սահմանելու կապակցությամբ մտահոգվելու կարիք չունի: Այդուհանդերձ, հայկական լոբբին, որն ԱՄՆ-ում բավական ակտիվ է գործում, պետք է տեղեկատվական արշավ սկսի՝ ամերիկյան կողմին պարզաբանելու տարածաշրջանում գործերի իրական վիճակը, Թրամփի վարչակազմին հասցնելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունների համեմատությունն անթույլատրելի է, քանի որ Երեւանի տրամադրության տակ զգալիորեն փոքր միջոցներ կան, քան Բաքվի, եւ Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ կենսական կարեւոր նշանակություն ունի:

Դրանից զատ, Վլադիմիր Եվսեեւը նշեց, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ  համագործակցել է ինչպես ռազմական ոլորտում՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակում, ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը եւ երկկողմ հիմքով, այնպես էլ ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիր է ստորագրել, եւ Երեւանի դեմ պատժամիջոցների սահմանումը կարող է լրջորեն հարվածել ընդհանրապես հայ-ամերիկյան հարաբերություններին՝ խոչընդոտելով դրանց հետագա զարգացումը:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ուժի մեջ են մտել «Ռոսօբորոնէքսպորտի» դեմ ամերիկյան պատժամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ