Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի, որը, ըստ էության Արդարադատության խորհրդի իրավահաջորդն է, 10 անդամներից 5-ին ընտրելու է Ազգային ժողովը: Մյուս 5 անդամներիը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ըստ օրենսդրության, ԱԺ-ն Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի 3-ական անդամներին ընտրում է 5, իսկ երկուական անդամներին՝ 3 տարի ժամկետով:
ԲԴԽ առաջին կազմի անդամների պաշտոնները համարակալվում են առաջին, երկրորդ եւ երրորդ անդամների համար եւ սահմանվում է պաշտոնավարման 5 տարի ժամկետ, իսկ 4-րդ եւ 5-րդ պաշտոնների համար՝ եռամյա ժամկետ:
ԲԴԽ անդամի պաշտոնում մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:
Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել են Գագիկ Հարությունյանի թեկնածությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմում իշխող կոալիցիան արդեն որոշել է, թե ում թեկնածությունն է ներկայացնելու: Նրանց թվում են Գագիկ Հարությունյանից բացի, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, փաստաբան Հայկ Հովհաննիսյանը, Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանը եւ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը: Վերջինս 2017-ի խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականում էր։
ԱԺ–ն հաջորդ շաբաթ կընտրի բարձրագույն դատական խորհրդին. թեկնածուները հայտնի են











