News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ Ռուսաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը զգալի նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար։ Ուստի այդ երկրի արժութային շուկայում ցանկացած տեղաշարժ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն մեր հանրության, այնպես էլ տեղական ձեռնարկատերերի, այդ թվում՝ ներկրողների եւ արտահանողների համար։

Վերջին շրջանում նկատվում է դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու ամրապնդման միտում։ Ուշագրավ է, որ որ Ռուսաստանում ԱՄՆ դոլարի միջին օրական փոխարժեքի դինամիկայի գիծը ընթացիկ տարվա հունվար-փետրվարին նմանություններ ունի անցած տարվա հետ (տես աղյուսակ 1-ը)։ Տարբերությունն այն է, որ հաշվետու շրջանում ԱՄՆ դոլարը տեսանելի «թույլ» է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 

Նշենք, որ մարտի վերջին տարեկան եկամտահարկի վճարման ժամկետն է, եւ դրա նախօրեին արտահանող ընկերությունները (հատկապես նավթագազային ոլորտի) իրենց արժութային եկամուտը փոխարկում են ռուբլու։ Ռուսաստանցի մասնագետների կարծիքով, այդ փուլում դոլարի զանգվածային հոսքը «ճնշում» է երկրի արժութային շուկան։

Ռուսաստանի արժութային շուկայի տեղաշարժերին համապատասխան Հայաստանում փոփոխվում է դրամի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը (տես աղյուսակ 2-ը)։ Ռուսաստանից Հայաստան դրամային փոխանցումների տեսանկյունից նշված տեղաշարժերը կարող են դրական համարվել։ Բացի այդ, մեր արտահանողների (մասնավորապես կոնյակ արտահանողների) համար բարելավվում է ՌԴ-ում արտադրանքի իրացումը։ Հարցն այն է, թե ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու ամրապնդումը երկարաժամկետ բնույթ կկրի՞, թե՞ ժամանակավոր երեւույթ է։

Անցած տարի ՌԴ-ում ԱՄՆ դոլարի փոխարժեքի եւ նավթի համաշխարհային գների միջեւ կապը գրեթե զրոյական էր։ Բացի այդ, որոշ ռուսաստանյան փորձագետներ կարծում են, թե ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի որոշումները՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին, չեն ազդել դոլարի փոխարժեքի վրա Ռուսաստանում։ Ընթացիկ տարում կայանալու է ԴՊՀ եւս յոթ նիստ, որոնցից առաջիկան՝ մարտի 20-21-ին։ ԴՊՀ նոր ղեկավարի վերջին ելույթւ շատերը գնահատել են որպես այս տարվա ընթացքում տոկոսադրույքը մի քանի անգամ բարձրացնելու մտադրություն։ Ելույթից անմիջապես հետո ԱՄՆ դոլարը մյուս առաջատար արժույթների նկատմամբ զգալիորեն ամրապնդվեց։ Բայց դա արժութային շուկայում առաջին արձագանքն էր։ Այնուհետ դոլարի փոխարժեքը տարաբնույթ դինամիկա դրսեւորեց։

Ռուբլու դիրքերի վրա դրական ազդեց նաեւ Ռուսաստանի վարկանիշը բարձրացնելու՝ S&P գործակալության որոշում։ Մեկ այլ գործոն՝ ունակ բարձրացնելու կապիտալի ներհոսքը ռուսաստան, ԱՄՆ երկրորդ պատժամիջոցային ցուցակի իրացման վտանգն է։

Ինչ վերաբերում է նավթի գործոնին, ընթացիկ տարվա հունվար-թետրվարին Brent ապրանքանիշի նավթի միջին օրական արժեքը տատանվում էր մեկ բարելի համար 62-71 դոլարի սահմաններում (տես աղյուսակ 3-ը)։ Նման մակարդակը, եթե պահպանվի մոտ ապագայում, լիովին ընդունելի է Ռուսաստանի համար, որտեղ դաշնային բյուջեում նավթի արժեքը սահմանված է մեկ բարելի համար 40 դոլարի սահմանում։

Մարտի 1-2-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու որոշակի թուլացումը շատ փորձագետներ կապում են Դաշնային ժողովում նախագահ Վ.Պուտինի կոշտ ամենամյա ուղերձի հետ։ Բայց արդեն կարծիք է հնչում, որ այդ գործոնը որեւէ ազդեցություն չի ունենա ռուբլու փոխարժեքի վրա։ Այդպես է դա, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Հավելենք, որ Ռուսաստանի բանկի կողմից վերաֆինանսավորման տոսակդրույքի ակնկալվող հերթական իջեցումը կարող է որոշակի «թանկացնել ռուբլին»։ Եթե առկա գործոններին այլ բացասական գործոններ չավելանան։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news