News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարող է ավելի շատ զբոսաշրջիկներ բերել Հայաստան: Այս մասին մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Նրա խոսքով, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի շրջանակներում սպասվում է կինոյի, երաժշտության, թատրոնի եւ գաստրոնոմիայի ոլորտում միջոցառումների հագեցած ծրագիր: «Հայաստանը պետք է պատրաստ լինի համապատասխան տուրիստական առաջարկներ ներկայացնել, որ գրավի զբոսաշրջիկներին ոչ միայն Ֆրանսիայից, այլ նաեւ մյուս ֆրանկոֆոն երկրներից»,-նշել է դեսպանը։

Դիվանագետի դիտարկմամբ` Ֆրանկոֆոնիայի արժեքները Հայաստանի համար դարձել են ավանդական, առաջնային նպատակն է Հայաստանի բոլոր ֆրանսախոս քաղաքացիներին միավորելը, որոնք, իրենց հերթին, կարող են իրենց շուրջը հավաքել իրենց ծանոթներին ու հարազատներին:

2018 թվականին Ֆրանկոֆոնիայի հովանու ներքո կանցկացվեն նաեւ «Ոսկե ծիրան» եւ «ՌեԱնիմանիա» կինոփառատոնները։ Լաքոտի խոսքով՝ մարտի 12-18-ը «Մոսկվա» կինոթատրոնում Կանադայի եւ Շվեյցարիայի դեսպանատների աջակցությամբ կանցկացվի Ֆրանկոֆոնիայի ֆիլմերի երկրորդ փառատոնը։

Մարտի 19-22-ը սպասվում են գաստրոնոմիական միջոցառումներ եւ կոմիքսներ՝ մասնավորապես, Հայաստան կժամանեն  հայկական ծագմամբ ֆրանսիացի հայտնի շեֆ խոհարար Սոնի Եզգյուլյանը եւ դիզայներ-նկարազարդող Գիյոմ Լոնին։

Մարտի 20-ին կմեկնարկի ֆրանսերենի իմացության մրցույթը, որի հաղթող 6 մասնակիցները կդառնան այս տարվա դեսպանները, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցն ուղեգիր կստանա դեպի Ֆրանսիա։ Մարտի 24-ին կկայանա ֆրանսերենի քննությունը, որին կարող են մասնակցել ֆրանսախոս 13-25 տարեկան երիտասարդները։

Մարտի 30-ին եւ 31-ին Գյումրիում կանցկացվի Հայաստանում ֆրանկաֆոնների երկրորդ ազգային թատերական «10-ից 10» փառատոնը։

Ապրիլի 11-ին եւ 12-ին Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնում մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ կկայանա Ժյուլ Մասնեի «Մանոն» կոմիկական օպերայի պրեմիերան:

Մարտի 20-ը հռչակվել է աշխարհում Ֆրանկոֆոնիայի օր։ Շուրջ 274 միլիոն մարդ աշխարհում խոսում է ֆրանսերեն եւ այն դեմոգրաֆիական ամենամեծ աճ գրանցած լեզուն է՝ 2050-2060թթ. ֆրանսերեն խոսողների թիվը կհասնի 700 000 000-ի: 

Երեւանում եւ Գյումրիում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մշակութային միջոցառումները կանցկացվեն մարտի 12-ից ապրիլի 12-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ