News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել  «Մինասյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը:

Նշենք, որ հայցը վերաբերում է  2014 թվականի մայիսին «Իրավունք» թերթում  հրապարակված՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը» հոդվածին,  որտեղ թերթը ներկայացնում է 60 անձից բաղկացած «սեւ ցուցակ» եւ կոչ է անում դադարեցնել շփումն այդ մարդկանց հետ, չհանդուրժել նրանց, ինչպես նաեւ հեռացնել  աշխատանքից:

Այս առնչությամբ, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը, այսօր մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հետեւյալը. «Այդ հոդվածում կային ատելության կոչեր, խտրականության հրահրում: Նշվում էր, որ պետք է զրո հանդուրժողականություն կիրառել այդ մարդկանց նկատմամբ, նրանց չբարեւել, աշխատանքից ազատել: Ցուցակագրված 60 հայցվորների մի մասը՝ 16 հոգի, որոշեցին հայց ներկայացնել ներպետական դատարանում: Քանի որ մենք չունենք որեւէ կարգավորում խտրականության կամ ատելության կոչերի հետ կապված, չկան մեխանիզմներ դատարան դիմելու, ընտրվեց տարբերակ, որ վիրավորանքի հայցով դիմենք եւ ներկայացնենք խտրականության ու ատելության կոչերի հիմքը: Ներպետական դատարանը խտրականության ատելության մասով ընդհանրապես չանդրադարձա հայցին, իսկ վիրավորանքից մասով մերժեց՝ հիմնավորելով դա խոսքի ազատության իրավունքով: Նույն դիրքորոշումը որդեգրեց վերաքննիչ դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունեց: Դրանից հետո մենք այս գործը ներկայացրեցինք Եվրոպական դատարան»:

Նրա խոսքով, արդեն ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը այս գործի վերաբերյալ:

Իր հերթին այս գործով հայցվոր Աննա Շահնազարյանը նշեց. «Մենք պետք է քննարկման առարկա դարձնենք ընդհանրապես, թե ինչ հասարակությունում ենք ապրում, ինչ հասարակություն ենք ուզում կերտել: Միանշանակ կարեւոր է սոցիալական խմբերի առանձնահատկությունների, դրանց հիման վրա արժանապատիվ ապրելու իրավունքի հաստատումը: Նույնասեռականության հիմքով շարունակաբար մարդկանց բռնության ենթարկելը պետք է դադարեցվի: ՄԻԵԴ-ում քննությունը այդ գործի մի մասն է, բայց շատ կարեւոր է, թե ինչպես ենք մենք երկրի ներսում սա դարձնում քննության առարկա»:

Նշենք, որ հայցվորները թերթից պահանջել են ներողություն խնդրել, հերքում տպել եւ 5 միլիոն դրամ վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում, սակայն Հայաստանի դատարանները հայցը չէին բավարարել:

Տպել
Ամենաշատ