News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մարտի 16-ին,  իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արդիանա Հոբդարին (նստավայրը՝ Աթենք):

Շնորհավորելով դեսպան Հոբդարիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել նրան մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում եւ հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ ակտիվություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Նախագահը դեռեւս բավարար չի համարել ամենատարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի օգտագործումը՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ալբանիան թեւակոխել են դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը:

Հանրապետության նախագահը հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ հրավեր է ուղարկել Ալբանիայի նախագահին՝ մասնակցելու Երեւանում ընթացիկ տարվա աշնանը տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին եւ ընդգծել, որ Հայաստանում ուրախ կլինեն նրան հյուրընկալելու:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է երկու երկրների միջեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի կարգավորումը, միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:

Ալբանիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին ընդունելության համար եւ նշել, որ համակարծիք է նրա հետ երկկողմ հարաբերությունները ակտիվացնելու հարցում՝ հատկապես հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը: Դեսպան Հոբդարին վստահեցրել է, որ իր գործունեությունը նպատակաուղղված կլինի ամենատարբեր ոլորտներում՝ մշակութային, տնտեսական, հումանիտար եւ այլն, համագործակցության զարգացմանն ու մարդկանց միջեւ շփումների խրախուսմանը: Ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցությունը Ալբանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, դեսպանն իր երկրի անունից ողջունել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը եւ մաղթել հաջողություններ:

Արդիանա Հոբդարին հանդիպման ժամանակ նաեւ դրվատանքով է խոսել Ալբանիայի փոքրաթիվ, բայց, նրա գնահատմամբ, կազմակերպված հայ համայնքի մասին, որը եւս կարող է դերակատարություն ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ