News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված փետրվարի 13-ին, Երեւանի քաղաքապետարան «Շտապօգնություն» ԲՀԸ-ի կողմից կանչ ընդունելու հետ:

Փոստանջյանի ներկայացրած հայտարարությունում ասվում է.

«Երեւանի քաղաքապետարանի «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 2018 թվականի փետրվարի 13-ին անօրինական կանչ ընդունելու ու սպասարկելու եւ ապօրինություններ թույլ տալու վերաբերյալ

2018 թվականի փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարան (հասցե` Երեւան, Արգիշտի 1) Երեւանի ավագանու նիստերի դահլիճ մուտք է գործել շտապ բժշկական օգնության հոգեբույժ-բուժակների բրիգադ: Սույն բրիգադի այցը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճ եւ նրանց հերթապահությունը նիստերի դահլիճում թե՛ ընդմիջման, թե՛ նիստի ընթացքում տեղի է ունեցել օրենքով սահմանված դրույթների խախտմամբ եւ հետապնդել է հատուկ նպատակ` հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով խոչընդոտել Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին` կատարելու իրենց պարտականությունները:  

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչը, շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի ձեւը, իրազեկման թերթիկի ձեւը, շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների նկարագիրը հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 24 հուլիսի 2013 թ.  N 39-Ն  հրամանի դրույթները անտեսելով` Երեւանի քաղաքապետարանի  «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ն 2018 թվականի փետրվարի 13-ին ընդունել է անօրինական կանչ եւ սպասարկել անօրինական կանչի պահանջները:

Այսպես, համաձայն իմ կողմից կատարված հարցման ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի  «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնել է հտեւյալը`  «Ս/թ. փետրվարի 13-ին ժամը 12:00-ին շտապ օգնության ծառայությունը չգրանցված հեռախոսահամարից ստացել է կանչ Երեւանի քաղաքապետարանի հասցեով, որ տեղի ունեցող միջոցառման ժամանակ առաջացել է լարված իրավիճակ, եւ որ դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցներ:

Կանչը կոնկրետ անձի անունով չի տրվել: Համալիր սպասարկում իրականացնելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել մեկ ռեանիմացիոն բրիգադ եւ մեկ գծային բրիգադ` հոգեւբույժ-կոնսուլտանտի ուղեկցությամբ: Հոգեբուժական բնույթի կանչերը տրվում են ոչ միայն հոգեկան խանգարումների սրացման ժամանակ, այլ նաեւ վարքագծի եւ էմոցիոնալ խանգարումների ժամանակ:

Հոգեբուժական կանչերը մի շարք դեպքերում, ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ կարող են կրել փորձագիտական կամ կոնսուլտատիվ բնույթ: Ռեանիմացիոն բրիգադը օգնություն է ցուցաբերել Մարտին Ցոլակի Վարդազարյանին եւ հոսպիտալացրել է «Նորք-Մարաշ» ԲԿ` ստաբիլ ստենոկարդիա նախնական ախտորոշմամբ: Գծային բրիգադը ոչ ոքի բժշկական օգնություն չի ցուցաբերել»:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչը, շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի ձեւը, իրազեկման թերթիկի ձեւը, շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների նկարագիրը հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 24 հուլիսի 2013 թ.  N 39-Ն  հրամանի համաձայն սահմանված է հետեւյալը` «Կանչի պատճառը»` լրացվում է Երեւանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից:

Համակարգը հնարավորություն է տալիս նշել մի քանի պատճառ: «Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք»` դաշտը լրացվում է Երեւանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է: «Հիվանդի գտնվելու վայրը» դաշտը լրացվում է Երեւանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից: «Կանչ տվողի հեռախոսահամարը» դաշտը լրացվում է Երեւանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից: «Կանչողի տվյալները»` անուն, ազգանուն: Լրացնում է բժիշկը եւ մուտքագրվում է օպերատորի կողմից:

2018 թվականի փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարան (հասցե` Երեւան, Արգիշտի 1) Երեւանի ավագանու նիստերի դահլիճ մուտք գործած Երեւանի քաղաքապետարանի  «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի շտապ բժշկական օգնության հոգեբույժ-բուժակների բրիգադն առանց ներքո թվարկված տվյալների` կանչի պատճառի, հիվանդի անունի, ազգանունի, հայրանունի, տարիքի, հիվանդի գտնվելու վայրի, կանչը տվողի հեռախոսահամարի, կանչողի տվյալների` անուն, ազգանունի իրականացրել է օրենքով իրեն վերապահված լիազորություններից դուրս հատուկ առաքելություն` հանրային միջոցների հաշվին ապօրինի գործառույթ:

«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի պատասխանից ակնհայտ է, որ տիկին Թագուհի Ստեփանյանի կողմից ղեկավարվող ընկերությունը չի կատարել իրավական ակտերով նախատեսված պարտականությունները, ինչը ոչ միայն հանգեցրել է 2018 թվականի փետրվարի 13-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ` Զարուհի Փոստանջյանի, Մարինա Խաչատրյանի եւ Սոնա Աղեկյանի հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարմանը, այլեւ կրում է շարունակական բնույթ, որը սպասարկում է ապօրինի գործունեություն` «հոգեբուժական կանչեր մի շարք դեպքերում, ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ կարող են կրել փորձագիտական կամ կոնսուլտատիվ բնույթ»:

«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի պատասխանը վկայություն է, որ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն ցուցաբերելու անվան տակ տեղի է ունենում ապօրինի գործառույթ, ըստ էության, սովետական արատավոր ավանդույթները շարունակում են գործել ներկայիս, այսպես կոչված` «վերահսկվող ժողովրդավարության» համակարգի ներքո: Սա վկայություն է, որ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հետապնդումները շարունակում են կրել համակարգված բնույթ, ինչը ներառում է ռեպրեսիա իրականացնելու համար իրավապահ մարմինների, դատարանների եւ բժշկական հաստատությունների համատեղ գործունեությունը:

2018 թվականի փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարան (հասցե` Երեւան, Արգիշտի 1) Երեւանի ավագանու նիստերի դահլիճ մուտք  գործած շտապ բժշկական օգնության հոգեբույժ-բուժակների բրիգադի ներկայությունը փաստում է, որ «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ն, անհրաժեշտության դեպքում, համատեղության կարգով ներգրավվում է ոչ միայն  իրավապահ մարմինների ապօրինի գործառույթների մեջ, այլ նաեւ Տարոն Մարգարյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումը եւ ապօրինի հրահանգները սպասարկելու համար:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում եմ համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը հանցագործության մասին:

Կից ներկայացնում եմ` Երեւանի քաղաքապետարանի  «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի գրության պատճենը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի ժամանակ քաղաքապետարան «Շտապօգնություն» էին կանչել, ժամանել էր նաեւ հոգեբույժ-կոնսուլտանտ:

 

Տպել
Ամենաշատ