News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի. այս հարցում մեր հիմնական դաշնակիցը եւ գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, եւ որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ՊՆ-ում Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ- Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները:

Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա: Մենք մեր ձեռքի տակ ունենք եւ մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլեւս ցանկություն չունենան խախտելու դեռեւս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները

Անհրաժեշտ է բարձրացնել յուրաքանչյուր զինծառայողի գիտակցական վերաբերմունքը սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նկատմամբ։ Նա իր զենքը կամ ռազմական տեխնիկան պետք է կարողանա գործածել ոչ միայն հմտությամբ եւ պարտադիր կանոնների պահպանմամբ, այլեւ հոգածությամբ եւ խնամքով: Յուրաքանչյուր զինվորական պետք է քաջ գիտակցի, որ մարտական խնդիրը կատարելիս՝ զենքն ամենահավատարիմ զինակիցն է: Ես սա չեմ ասում ձեւի համար, այլ ասում եմ, որովհետեւ այդպիսի երեւույթներ են եղել եւ այսօր շարունակվում են:

Ռազմարդյունաբերությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Հայրենական ռազմարդյունաբերական արտադրությունը պետք է լինի մրցունակ։ Այս նպատակով պետք է ստեղծվեն որակական եւ գնային առումով հենց այդպիսի նմուշներ՝ ստեղծելով նախադրյալներ նաեւ արտահանման համար: Մեր նպատակն է, որ ռազմական արդյունաբերությունը դառնա ոչ միայն մեր զինված ուժերի կարեւորագույն մատակարարներից, այլեւ երկրի տնտեսության կարեւոր շարժիչ ուժերից մեկը: Պետք է ներգրավել երիտասարդ գիտնականների, ովքեր իրոք մեծ ոգեւորությամբ գալիս են նորը կառուցելու՝ իրացնելով առկա ներուժը։ Ռազմարդյունաբերության ոլորտում գիտական վաշտ ձեւավորելու գաղափարն իրատեսական է: Կարեւորում եմ նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը, համատեղ նախագծեր ու միասնական արտադրություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքները:

Անհրաժեշտ է խորացնել ռազմադիվանագիտական կապերը՝ հավատարիմ մնալով մեր դաշնակցային պարտավորություններին: Մեծ է խաղաղապահ առաքելության դերը հայոց բանակի ու պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում: Դրա շնորհիվ մենք ոչ միայն ընդարձակում ենք ռազմական ոլորտում մեր միջազգային համագործակցության հորիզոնները, այլեւ ձեռք ենք բերում նոր բարեկամներ եւ գործընկերներ։

Մենք ունենք լայն հնարավորություններ ռազմական կրթության ոլորտում. ի լրումն հայաստանյան ուսումնական հաստատությունների՝ մեր երիտասարդները հնարավորություն ունեն կրթություն ստանալ Ռուսաստանում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում եւ այլուր: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ապահովում է բարձրակարգ պայմաններ եւ բարձրակարգ դասախոսական կազմ: Նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությունը՝ ապագա ունենալու մեր կարեւոր երաշխիքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ