News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանը Հրայր Թովմասյանին գործուղում է Սահմանադրական դատարան, որ նա լինի իրենց ստեղծած ստահոդ պետության «watch dog»-ը, որը հայերեն թարգմանաբար շատ կոպիտ, բայց ուղիղ է հնչում՝ պահապան շունը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում ՍԴ նախագահի ընտրությանը վերաբերող քննարկումների ժամանակ իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր խոսքով «ստահոդ պետության» հեղինակների «գլուխգործողները»:

«Երկար ժամանակ հայտարարվում է, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական համակարգի, բայց նաեւ եւ հիմնականում Հրայր Թովմասյանի ձեռամբ գրած ԱԺ կանոնակարգ օրենքով խորհրդարանական քննարկումները վեր են ածվում շուտասելուկի, երբ մեկժամանոց ռեժիմով, 1-2 րոպեանոց ելույթներով հարցեր են քննարկվում: Պատգամավորները որեւէ իրական շանս չեն ստանում կարդալու իրենց կողմից քվեարկվող օրենքը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, Հրայր Թովմասյանի՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի պաշտոնում վերջին ակորդը ՍԴ մասին օրենքն էր, որի գլուխգործոցն այն էր, որ թեմայի հետ կապ չունեցող, ամանորյա մի առաջարկով վարչապետի սպասվող ընտրությունները մայիսի 2-ից տեղափոխվեցին ապրիլի 17. «Պարզվում է, սրանով գլուխգործոցները չեն ավարտվում: Նախորդ շրջանում իրենք կազմակերպեցին ՀՀ նախագահի ընտրություններ եւ չնայած Սահմանադրությամբ նախատեսված է, որ նախագահի ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկվել ՍԴ-ում, պարզվում է՝ որեւէ մեկը դա չի կարող անել, որովհետեւ Հրայր Թովմասյանի եւ նրա գլխավորած հանձնաժողովի ձեռքով գրած օրենքի ուժով ՍԴ-ում  նախագահի ընտրությունների արդյունքները բողոքարկելու դրույթն ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելու օրը, երբ ՍԴ դիմելու բոլոր ժամկետները սպառված կլինեն: Սա է ստահոդ պետության համակարգը»:

Փաշինյանի խոսքով, ՀՀ նախագահի ընտրություններն անցկացվում են Սահմանադրությամբ չնախատեսված ձեւով, դրանք անցկացվում են Սահամանդրության պահանջներին չհամապատասխանող թեկնածուով եւ պարզվում է՝ այդ ամենը ՍԴ-ում բողոքարկելու ոչ մի հնարավորություն չկա. ու այս ամենի հեղինակը Հրայր Թովմասյանն է:

«Բա այսքանից հետո ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը չգործուղի նրան Սահմանադրական դատարան: նա գործուղվում է ՍԴ, որ լինի այս ստահոդ պետության «watch dog»-ը, որը հայերեն թարգմանաբար շատ կոպիտ է հնչում, բայց ուղիղ է հնչում՝ պահապան շունը»։

«Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ իշխանությունները սրանով չեն բավարարվելու: Ստահոդ պետության հայեցակարգը չի հանգստանալու, քանի դեռ չեն կարողացել Հայաստանում հաստատել ստահոդ ընդդիմություն: Նրանց դա է հարկավոր: Նրանք պետք է ամեն ինչ անեն ու անում են, որ ունենան 10 հազար դրամի գերի ստահոդ ժողովուրդ: Այս կոնտեքստն էր դրված 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում, երբ Սերժ Սարգսյանը եւ իր թիմը կարողացան 10 հազար դրամներով, վարչական լծակներով, սպառնալիքներով ժողովրդին ստիպել կատարել ստահոդ ընտրություն»:

Փաշինյանը վստահություն հայտնեց, որ ստահոդ այս պետությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության, որովհետեւ սա Հայաստանի 1991-ի հանրաքվեով, ՀՀ քաղաքացու երազանքով ստեղված Հայաստանի Հանրապետության օրգանիզմը համակած քաղցկեղ է. «Մեզնից յուրաքանչյուրն ունի ընտրություն՝ լինել Սերժ Սարգսյանի ստահոդ պետության քաղաքացի, թե ՀՀ-ի հպարտ քաղաքացի»,-իր խոսքն ամփոփեց նա:

Նշենք, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա նաեւ նախագահ նշանակվելուց հետո: Մարտի 12-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկլ հայտարարությամբ՝ նշելով, որ ՍԴ կազմից ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու համար առաջարկում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ