44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» զինծառայողների սպանվելու, անհետ կորելու և գերեվարվելու գործերով դատական նիստին այսօր վկայություն է տվել անհետ կորած համարվող 27-ամյա Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
Նա NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նիստին հրապարակվել են գաղտնի ձայնագրություններ։
«Արդեն 5 տարի է՝ այս դատական նիստերը գնում են։ Որպես հաղորդում ներկայացրած անձ վերջում ես պետք է վկայություն տայի։ Բազմազան ձայնագրություններ հրապարակվեցին։ Մեղադրյալներն իմ հարցերի տակից ո՞նց են դուրս գալու, ո՞ւր են էս երեխեքը, այո, էս երեխեքը գալու են։ Շարունակությունը հաջորդ դատական նիստին կլինի»,- ասաց Անահիտ Ադոյանը։
Նշենք, որ որպես մեղադրյալ ներգրավված է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ով իր մեղքը չի ընդունում։
Ըստ մեղադրանքի, նրա և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան վաթսուն զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում։ 62 զինվորականներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, մյուսների մի մասը մահացել են, 23-ը համարվում են անհետ կորած։











