Իրաքի զինված ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարի մերձավորագույն համախոհին: Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորականներին:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԻՊ ղեկավարի աջ ձեռք Աբու Վալիդ Աշ Շիշանին վնասազերծվել է Քիրքուքի մերձակայքում ամայի վայրում: Նշվում է, որ գործողության ժամանակ ուժայիններին հաջողվել է փաստաթղթեր հայտնաբերել, որոնք տեղեկություններ են պարունակում ահաբեկչական խմբավորման այլ առաջնորդների մասին:
ԻՊ գրոհայինները Իրաքի տարածքի մի մասն օկուպացրել էին 2014 թվականի ամռանը: Նույն թվականի հունիսին նրանք գրավել էին երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը (Նայնավա նմահանգի վարչական կենտրոնը) եւ այն հռչակել «խալիֆաթի» մայրաքաղաք:
2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերին հաջողվել էր սկսել ահաբեկիչների գրաված շրջանների ազատագրման լայնամասշտաբ արշավ: 2017-ի դեկտեմբերին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր երկրում ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին: