Տավուշի մարզի Արճիս համայնքը վերջապես բարեկարգ ճանապարհներ կունենա: Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում դրանք հիմնանորոգվում են: Գյուղացիներն ասում են՝ համայնքի ճանապարհները վերջին անգամ հիմնանորոգվել են 1985 թվականին:
Կատարվող աշխատանքներին ծանոթացել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը: Վերականգնվող ճանապարհահատվածը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով Արճիսը կապում է տարածաշրջանի համայնքների հետ:
Ծրագրով նախատեսվում է նաեւ ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի, իջատեղերի եւ մուտքերի կառուցման աշխատանքներ, կողնակների կառուցում: Անհրաժեշտության դեպքում, ընթացքում նաեւ գազատարի տեղափոխման եւ ջրագծի նորոգման աշխատանքներ կկատարվեն: