News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետական նախարարը կարեւորել է ՀՀ եւ ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունների համագործակցության սերտացումը եւ նշել, որ ոլորտում անելիքները շատ են: Ա. Հարությունյանի խոսքով՝ ՀՀ-ում կատարվող բոլոր բարեփոխումները պետք է զուգահեռաբար իրականացնել նաեւ Արցախում: Այդ առումով, նա հորդորել է հյուրերին փոխգործակցության շրջանակում Արցախի գործընկերներին աջակցել ինչպես մասնագիտական, այնպես էլ տեխնիկական հարցերում:

«Սննդի անվտանգության ապահովումը կառավարության կարեւոր խնդիրներից մեկն է, եւ մենք շահագրգռված ենք, որ թե ՛ տեղական արտադրության եւ թե՛ ներմուծվող սննդամթերքի որակը համապատասխանի միջազգային չափանիշներին: Այն կարեւոր նախապայման է ոչ միայն մեր բնակչությանը առողջ եւ որակյալ սնունդ ապահովելու տեսանկյունից, այլեւ արտահանման գործում մրցունակ եւ պահանջված լինելու առումով»,- ասել է Ա. Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար՝ Ի. Կարապետյանը նշել է, որ աշխատանքային այցի նպատակն է իրենց գործընկերների հետ քննարկել առկա խնդիրները, իրականացվող ծրագրերը եւ համատեղ անելիքները: Նա իր պատրաստակամությունն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը ակտիվ փոխգործակցության եւ համադրված աշխատանքի կազմակերպման համար: Անդրադառնալով նախանշված ծրագրերին՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետը ընդգծել է պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, որի իրականացումն Արցախում կառաջարկվի փուլային եղանակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ սննդամթերքի անվտանգության եւ հսկողության համակարգերի զարգացմանը, ինչպես նաեւ ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը եւ ԱՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Համլետ Ապրեսյանը:

Տպել
Ամենաշատ