News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներկայումս Մալթայում ավելի քան 200 հայ է բնակվում, համայնքը փոքր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մալթայի հայ համայնքի ղեկավար Վերա Բոյաջյանը:

Նրա խոսքով՝ կղզում մի քանի հազար հայ է բնակվում, որոնց նախնիները ճակատագրի կամքով Մալթայում են հայտնվել մի քանի դար առաջ. «Նրանք հայկական ազգանուններ ունեն՝ Դարմենիան, Դարմանին, Արմենիան, սակայն իրենց չեն նույնացնում հայ ժողովրդի հետ: Նրանք իրենց մալթացի են համարում»:

Մալթան փոքր երկիր է, հայերը հավաքական չեն բնակվում, սակայն համայնքի ղեկավարին հաջողվել է նրանց միավորել: Արդյունքում հայկական համայնքի անդամները հավաքվում են տոներին, միասին նշում ազգային տոները, եւ իհարկե՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը, հավաքվում են միակ խաչքարի մոտ՝ ծաղիկներ դնելու:

2009 թվականի դեկտեմբերի 22-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում հայկական սփյուռքը խաչքար է տեղադրել:

Միաժամանակ, Իտալիայում եւ համատեղությամբ Մալթայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի խոսքով՝ հայ-մալթական հարաբերությունների արմատները դարերի խորքում են:

«Մենք հիմա աշխատում ենք քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, մասնավորապես տուրիզմի զարգացման: Օրինակ՝ տնտեսության եւ տուրիզմի զարգացման տեսակետից շատ կարեւոր է Մալթա-Հայաստան ուղիղ չվերթի հաստատումը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շեշտեց դիվանագետը:

Մալթայում հայերի ներկայությունը կարելի է երեք փուլի բաժանել:

Հայ հոգեւորականությունը եւ հայկական Կիլիկիայի թագավորության արքաները Մալթյան օրդենի հետ առաջին անգամ հարաբերություններ են հաստատել 1097 թվականին: Կիլիկիայի հայ կաթոլիկ վերնախավը մալթացիների հետ կապեր է պահպանել պատմական երկարատեւ ժամանակահատվածում: Տեղի են ունեցել միջէթնիկական միաձուլման գործընթացներ, Կիլիկիայի հայերը ազգակցական կապեր են հաստատել Մալթայի իշխող դասի ներկայացուցիչների հետ: Մալթայում հայերի ներկայության պատմական օրինակ է  Տա՛Լիեզվո եկեղեցին, որը կառուցվել է 1620 թվականին ասպետ Ժան դե Բելեյ Բալի դե Արմենիայի տրամադրած միջոցներով, որը Լուզինյան ընտանքի հետնորդներից մեկն է:

Մինչեւ հիմա Մալթայում գոյություն ունեն Կիլիկիայի հայ հայտնի ընտանիքների ժառանգները, սակայն նրանք վաղուց ի վեր արդեն իրենց որպես մալթացի են նույնականացնում, եւ միայն ընտանեկան ցուցակներն ու ազգանուններն են ցույց տալիս նրանց հայկական ծագումը:

Օսմանյան կայսրությունից հարյուրավոր հայեր են հեռացել եւ հասել Մալթայի ափեր: Հայ վերաբնակները եկել են Բուրսայից, Իզմիրից (Զմյուռնիա), Իզմիթից (Նիկոմեդիա) եւ Ստամբուլից:

1990-ական թվականներին ԽՍՀՄ փլուզման հետ կապված Մալթայում է հայտնվել հայերի մեկ այլ խումբ: Նրանք հիմնականում երիտասարդ ընտանիքներ են Հայաստանի տարբեր շրջաններից եւ ԱՊՀ երկրներից: Հենց այս խմբի շնորհիվ է կղզում հայ համայնքի կյանքը լիովին ակտիվացել:

Հրապարակումը պատրաստվել է Հայաստանի մշակութային օրերը Մալթայում (18-30 ապրիլի) միջոցառման շրջանաաներում: Նշենք, որ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC)՝ Հայաստանի Մշակույթի նախարարության եւ Մալթայի Մշակույթի, արդարադատության եւ տեղական ինքնակառավարման նախարարության, Arts Council Malta եւ Valletta-2018 Foundation-ի աջակցությամբ, ապրիլի 18-30-ը անցկացրեց Հայաստանի մշակութային օրերը Մալթայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ