News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ոլորտային հիմնահարցերին, ներկայացրել իր սկզբունքները՝ հանրակրթության ոլորտի ապաքաղաքականացման, կոռուպցիոն ռիսկերի և բովանդակային խնդիրների վերաբերյալ: Իր ելույթում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, և դպրոցներն ու դրանց ղեկավարներն այլևս աշխատելու են նոր իրողության պայմաններում. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ուսուցիչներին և տնօրեններին, ովքեր այս տարիների ընթացքում զերծ են պահել համակարգն ու դպրոցը քաղաքական տարբեր ազդեցություններից: Այդ մարդկանց գործը նշանակալի է: Սակայն բազմաթիվ դպրոցներ քաղաքական ազդեցություններից զերծ չեն մնացել, և դա անթույլատրելի է: Դպրոցից դուրս ցանկացած ուսուցիչ և տնօրեն իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, յուրաքանչյուր ոք կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ: Այդ իրավունքը ձեզանից չեն վերցնում, բայց քաղաքական ազդեցությունը որևէ կերպ պետք է չարտահայտվի դպրոցի ներսում: Ինքս կուսակցական եմ, սակայն վստահեցնում եմ, որ որևէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը: Այսուհետ որևէ տնօրեն և ուսուցիչ դպրոցում չի կարող զբաղվել որևէ իշխանավորի, օլիգարխի, պատգամավորի և քաղաքական գործչի քարոզչությամբ: Այս երևույթը կանխվելու և պատժվելու է օրենքի ուժով»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Նախարարը շեշտել է, որ խստորեն դատապարտվելու և կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսևորումները. «Մենք գիտենք, որ բազմաթիվ ուսուցիչներ, նաև տնօրեններ ունեն սոցիալական խնդիրներ: Այս ուղությամբ տարվում են աշխատանքներ, արդեն ունենք լուծումներ, որոնք առաջիկայում կներկայացվեն: Այսքանով հանդերձ՝ սոցիալական խնդիրների առկայությունը չի կարող արդարացնել դպրոցներում կոռուպցիայի առկայությունը: Նաև անթույլատրելի է, որ սոցիալական խոցելի վիճակը առիթ դառնա, որպեսզի քաղաքական ազդեցությունները ներթափանցեն դպրոց: Գիտեք, որ դպրոցների դրամահավաքների դեմն առնելու նպատակով իմ կողմից իրականացվել են որոշակի գործողություններ: Տեղյակ եմ, որ որոշ տնօրեններ լուրջ աշխատանք են տարել` դրամահավաքն արգելելու ուղղությամբ, եղել են դեպքեր, երբ հավաքված գումարները վերադարձվել են, բայց երևույթը դեռ կա»,-նշել է նախարարը և հավելել, որ մի շարք դեպքեր այժմ ուսումնասիրվում են օրինապահ կառույցների կողմից: Նրա խոսքով` ԿԳ նախարարությունը լինելու է դպրոցի, մանկավարժի և տնօրենի գործընկերը` դրսևորելով անկախ արբիտրի կեցվածք. «Ոլորտում կան լավ մասնագետներ, ովքեր կարող են նաև արդյունավետ քաղաքականություն իրականացնել, սակայն քանի որ չի եղել քաղաքական կամք, հնարավոր չի եղել այդ ներուժը լավագույնս կիրառել: Ավելին՝ Կրթության և գիտության նախարարության նշանակությունը հետևողականորեն նվազեցվել է: Վստահեցնում եմ, որ նախարարությունն ամբողջովին կատարելու է իրեն վերապահված գործառույթները և չի պատրաստվում իր լիազորություններն առանձին դեպքերում փոխանցել կամ պատվիրակել այլ կառույցների կամ մասնավոր անձանց»,-ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ նախկինում ԿԳ նախարարության որոշակի լիազորություններ իրենց վրա են վերցրել այլ գերատեսչություններ և բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդականներ, որն այլևս չի կարող շարունակվել: Անդրադառնալով Վերջին դասի միջոցառումներին` ԿԳ նախարարն ընդգծել է, որ դրամահավաքն արգելվում է, սակայն դա չի նշանակում, թե միջոցառումներն արգելված են: Այդ միջոցառումները, ինչպես Արայիկ Հարությունյանն է ընդգծել, կարող են կազմակերպվել համեստ միջոցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ