Ցեղասպանության որպես հանցագործություն ճանաչումը մարդկության հիմնական գերակայությունն է: Դա մարդու իրավունքների վերականգնման գործընթաց է, որն ուղղված է նման հանցագործությունների կանխմանը, բռնության բացառմանը՝ անկախ քաղաքական կոնտեքստից եւ աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացումից: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները:
Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանի համար այս հարցն առաջնահերթ նշանակություն ունի, եւ հայկական կողմը կշարունակի առաջատար դեր խաղալ: «Աշխարհի տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված տասնյակ բանաձեւերը վկայում են այն մասին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխել հնարավոր չէ», - ասաց Բալայանը:
Հիշեցնենք, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման գործընթացը հերթական անգամ սառեցվել է: