News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Գագիկ Ծառուկյանը ե՞րբ էր հելել պայքարի բարեգործության թեմայով, որ հետո էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, որտեղ նշված էր, որ Գագիկ Ծառուկյանը ընդունեց պարտությունն ու հանձնվեց:

Նա նշեց, որ նախապատմությունը հետեւյալն է. «քանի որ նախագծի կառավարության որոշման տեքստը տարընթերցման տեղիք էր տալիս, եւ տպավորություն էր ստեղծվում, որ հանկարծ կարող է ապագայում այս օրինագիծը կյանքի կոչվելու դեպքում ոչ համաչափ զսպաշապիկ լինել բարեգործների համար, մենք արտահայտեցինք մեր նկատառումները եւ եկանք համաձայնության: Հիմա եթե եկանք համաձայնության, որ օրենքը ոչ միայն չի վնասում հասարակական հարաբերությունների ներդաշնակությանը, այլեւ կարող է նաեւ օգտակար լինել, ի՞նչ պարտության մասին է խոսքը»:

Նա նշեց, որ չի համապատասխանում իրականությանը նաեւ պնդումը, թե այս օրենքը կարող է խոչընդոտել իրենց ընտրարշավի ժամանակ. «Մենք ժողովրդի հետ առերեսվելու խնդիր չունենք: «Ծառուկյան» դաշինքը ամեն օր ժողովրդի հետ գտնվում է շփումների մեջ եւ որեւէ իրավական ակտի նախագիծ չի կարող իրական բարեգործին հեռու պահել իր որդեգրած քաղաքականությունից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրինագիծը ներկայացնելիս արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշել էր, որ այս նախագծով բարեգործության շրջանակները չենք փոխում, բարեգործություն իրականացնողների շրջանակը չեն նեղանում, բարեգործության իրականացումը նույնկերպ իրականացվում է, որեւէ նոր պարտականություն չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպառնում էր, թե եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։

Տպել
Partner news