News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում հունիսի 26-ից մեկնարկում է Rafting.am ծրագիրը, որտեղ շրջանակներում էքստրեմալ հանգստի սիրահարները, Հայաստանի բնակիչները եւ զբոսաշրջիկները կկարողանան ռաֆթինգով ( 2, 4 եւ 6 տեղանոց փչովի լաստանավերով՝ ռաֆթերով, լեռնային գետերով եւ թիավարման արհեստական ջրանցքներով անցնելու մարզաձեւ է) զբաղվել Դեբետ գետում : Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի առաջին փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը:

Ռաֆթինգը կկազմակերպվի Լոռու մարզի Թումանյան համայնքի Դեբիտ գետում: Նախագիծն իրականացվում է «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Նախագծի ընդհանուր բյուջեն 3 միլիոն դոլար է կազմել:

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ ծրագիրը իրականացվում է «Երիտասարդ Կանանց Ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աջակցությամբ:

Ինչպես նշեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Արման Վալեսյանը, այս ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Այն նաեւ կնպաստի բիզնեսի ապակենտրոնացմանը Երեւանից՝ գյուղեր: «Այս ծրագիրը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա գյուղական վայրերում աշխատատեղերի ստեղծման առումով: Ըստ նախնական հաշվարկների՝ ծրագիրը մոտ 10 աշխատատեղ կստեղծի, սակայն գյուղացիները եւս ներգրավված կլինեն ծրագրում՝ ապահովելով մի շարք լրացուցիչ ծառայություններ, մասնավորապես՝ զբոսաշրջիկների համար սննդի, կացարանի, արշավների կազմակերպման հետ կապված», - ասաց նա:

«Երիտասարդ Կանանց Ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանն իր հերթին տեղեկացրեց, որ ծրագրի մշակման եւ նախապատրաստման աշխատանքները կատարվել են մեկ տարվա ընթացքում: Ծրագրից ստացված միջոցները կուղղվեն երիտասարդ կանանց եւ ընտանիքների խնդիրների լուծմանն ու կենսամակարդակի բարձրացմանը: Խոսելով տուրի արժեքի մասին՝ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ արդեն իսկ կազմվել են սնունդը եւ կացարանը ներառող մեկօրյա եւ բազմօրյա փաթեթներ: Մեկօրյա տուրի արժեքը, որը կտեւի մեկից մեկուկես ժամ եւ կձգվի Հաղպատից մինչեւ Նեղոց, կկազմի 12 հազար դրամ:

«Այժմ քննարկումներ են տարվում տուրիստական  ընկերությունների հետ՝ ռաֆթինգ տուրերը զբոսաշրջիկների փաթեթների մեջ ներառելու համար: Ծրագրի զարգացման համար համագործակցություն է իրականացվում նաեւ Վրաստանի Ռաֆթինգի ասոցիացիայի հետ, որտեղ այս տուր արտադրանքն արդեն վաղուց սեր է վայելում զբոսաշրիկների շրջանում եւ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Մենք Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվել ենք համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Բացի այդ, Հայաստանի ռաֆթինգի թիմը պատրաստվում է մասնակցության հայտեր ներկայացնել՝ տարածաշրջանային եւ միջազգային միջոցառումներին մասնակցելու համար»,- նշեց Լիլիթ Ասատրյանը:

Դեբեդ գետում ամենօրյա ռաֆթինգ տուրերը մեկնարկում են հունիսի 27-ից: Նորություններին հետեւել կարելի է ծրագրի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանը Հայաստանի եւ օտարերկրյա փորձագետներն ուսումնասիրել են Դեբետ գետում ռաֆթինգի զարգացման պայմաններն ու հնարավորությունները եւ եզրակացրել են, որ 6 բալանոց սանդղակով գետը ռաֆթինգի համար բարդության բարենպաստ աստիճան ունի (4+):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news