News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Խողովակաշարը լինելու է շարժական եւ միայն առատ տեղումների ժամանակ է կիրառվելու, որպեսզի կարողանան տարանցել ջրահոսքերը»,- Econews.am-ի հետ զրույցում ասաց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը՝ խոսելով «Լիդիան Արմենիա» (Lydian Armenia) ընկերության կողմից վերջերս «Արեւաձուկ» ձկնաբուծարանին պատճառած վնասի մասին:

Հիշեցնենք, որ օրերս Արփա գետը պղտորվել էր Ամուլսարի ոսկու հանքի շինաշխատանքների վայրից եկած կեղտաջրերի պատճառով: Արփա գետի ջրում առկա պղտորիչների հետեւանքով վնաս է կրել տարածքում գործող ձկնաբուծարաններից մեկը: 

Վրույր Պեպանյանը մանրամասնեց, որ ընկերությունից տեսչական մարմնին հաղորդել են. «Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունն ավարտին կհասցնի ընկերության լեռնահարթեցման տարածքից արտահոսող մակերեւութային ֆիլտրացիոն ջրահոսքերի կառավարման ենթակառուցվածքների շինարարությունը, ինչն ամբողջովին կբացառի հետագա արտահոսքի նույնիսկ չնչին հնարավորությունը: Առաջիկա 3 շաբաթվա համար տեղադրվելու է այդ խողովակաշարը, որը լինելու է շարժական եւ կիրառություն է ունենալու միայն առատ տեղումների ժամանակ»: 

Ընկերության կառուցած վերոնշյալ խողովակաշարը նկարահանել է Ջերմուկ համայնքի Շիրակ Բունիաթյան անունով բնակիչը, ով արդեն մի քանի անգամ տեսանկարահանում է թույլ տրված շեղումները:

Տեսանյութում Շիրակ Բունիաթյանը ցույց է տալիս խողովակաշարը. որտեղից է այն սկիզբ առնում, դրա կառուցման անհարամարավետությունը, ինչպես նաեւ ուղղակի գետի քարերով կառուցված պատվարը: Այս միջոցառումները, ըստ նրա, խնդիրներ կառաջացնեն ձկների բնական միգրացիայի համար: 

Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարբերաբար ընդգծում է, որ ընկերությունն աշխատում է միջազգային բարձր ստանդարտներով եւ կիրառում է լավագույն տեխնոլոգիաները: Թե արդյո՞ք խողովակաշարը կառուցվել է նշված եղանակով կարելի է եզրակացնել՝ դիտելով տեսանյութը:  

Տեսանյութում նաեւ երեւում է, որ խողովակաշարը, որից ենթադրաբար պետք է հոսեն պղտոր ջրեր, թափվում է ձկնաբուծարանին կից կառուցված ձկնուղու վրա, որը կառուցված է ձկների բնական միգրացիան ապահովելու համար: 

Հիշեցնենք նաեւ, որ այսօր՝ հունիսի 22-ին, տեղի բնակիչները կրկին փակել են դեպի հանք տանող բոլոր ճանապարհները:

 

Տպել
Ամենաշատ