News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարան է ներկայացրել: Քննիչը Հայաստանի երկրորդ նախագահին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դեռ երեկ, մեղադրանք առաջադրելուց հետո, սակայն մինչեւ ուշ գիշեր միջնորդությունը քննելուց հետո դատարանն այդպես էլ չկարողացավ որոշում կայացնել. Քոչարյանը չէր ներկայացել նիստին, քանի որ, փաստաբանների խոսքով, պատշաճ չի ծանուցվել:

Այսօր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը Շենգավիթի դատարանում քննվել է առավոտյան 11:00-ից, սակայն որոշում դեռ չի կայացվել. նիստը որոշ ժամանակով ընդմիջվել է: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական վենդետա:

Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց նաեւ Յուրի Խաչատուրովին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ով 2008 թվականին Երեւանի կայազորի պետն էր, նույն մեղադրանքն է առաջադրվել, ինչ Ռոբերտ Քոչարյանին եւ Միքայել Հարությունյանին. այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալում: Նաեւ Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտպան Միհրան Պողոսյանն ասում է՝ Յուրի Խաչատուրովի համար անհասկանալի է՝ ինչում է մեղադրվում:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալներից պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է: Միաժամանակ, գործով Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության է կանչվել նախկին փոխվարչապետ, 2008 թվականին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը: Նրա հարցաքննությունից մանրամասներ ՀՔԾ-ն չի հայտնում:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի եւ կալանավորման միջնորդության առիթով քաղաքական ուժերը հայտարարություններ են տարածել: Ըստ ՀՀԿ-ի՝ առաջադրված մեղադրանքը «բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է»: Ստեղծված իրավիճակը համարելով սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին, ՀՀԿ-ն հայտարարել է, որ «քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը եւ առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը»։

Հայաստանի երկրորդ նախագահին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է համարում նաեւ ՀՅԴ-ն՝ նշելով, որ սա կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք: Կուսակցության հայաստանյան կառույցի հայտարարության համաձայն՝ «խիստ կարեւոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան եւ որեւէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների եւ քաղաքական շահարկումների համար»:

Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը կարծում է, որ «մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վաղ թե ուշ, պատժվում է օրենքով»:

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել: Հուլիսի 26-ին Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ադրբեջանական զինուժի արձակած կրակոցից վիրավորվել է 20-ամյա Դավիթ Միլոյանը: Զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը կայուն ծանր է գնահատվում:

Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետերի ձեւաչափով անցկացված նիստում անդրադարձ է եղել մաքսային, էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցերի: Քննարկվել են նաեւ Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանն ուղղված հարցեր:

Այս նիստում վերջապես Մոլդովան կարգավիճակ է ստացել. Եվրասիական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել նախկին խորհրդային այս երկրին կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ տալու որոշմանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի այս տարվա աշնանը: Որոշվել է այն անցկացնել Բելառուսում:

Իսկ Հայաստանի վարչապետը նիստի շրջանակում հասցրել է հանդիպել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Նիկոլ Փաշինյանը եղել է նաեւ Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակում, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ, այնուհետեւ այցելել Էրմիտաժ: Վարչապետի աշխատանքային այցը Ռուսաստան այսպիսով ավարտվել է:

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր լարված իրավիճակ էր. ակցիայի մասնակիցները բողոքում էին բուժկենտրոնի տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ: Նշենք, որ Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հայրն է: Այս հանգամանքն էլ շատերին հիմք է տալիս ենթադրելու, որ Մինասյանին աշխատանքից ազատելը պարզապես վենդետա է:

Անձնակազմը նաեւ ստորագրահավաք է կազմակերպել՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից: Ակցիայի մասնակից բժիշկները փակել է հիվանդանոցի մուտքերն ու հիվանդանոց տանող ճանապարհը: Բուժանձնակազմը նաեւ հրաժարվում է նախարարության աշխատակիցներին հանձնել հիվանդանոցի կնիքը՝ պահանջելով չեղարկել Մինասյանի ազատման հրամանը: Ակցիայի ավարտին բուժաշխատողները որոշել են գործադուլ անել, իսկ վաղը երթով առողջապահության նախարարություն են գնալու:

ՍԱՊԾ-ն «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառմամբ պահածոյացված մսի խմբաքանակ է հայտնաբերել: Այն, սակայն, կրկնակի պիտակավորմամբ է եղել: Երկու պիտակների վրա էլ միեւնույն արտադրողի անունն է՝ «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ» ՍՊԸ: Ընկերությունն արտադրանք է թողարկել ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ իրացման ցանցի համար: Տնտեսվարողը պարզաբանել է, որ տեղի ունեցածն աշխատակիցների անփութության հետեւանք է: Առավել հավանական է համարվում, որ կրկնակի պիտակավորմամբ պարզապես փորձ է արվել շրջանառությունից դուրս բերել ավելացած տարաները:

Հուլիսի 27-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին նորից էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 559, ռուբլունը՝ 7 դրամ 63 լումա, ֆունտինը՝ 629 դրամ:

Հուլիսի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 6: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +39+41 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ