News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը թոթվում է ուսերն ու նախատում խախտողներին. ապօրինի առեւտուրը մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում է:

Հյուսիսային պողոտայում կենդանիների վաճառքի վերաբերյալ մի շարք հրապարակումներից հետո NEWS.am-ը քաղաքապետարանի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է քաղաքի այս հատվածում ընդհանուր ապօրինի առեւտրի վրա:

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Երեւանի կենտրոնի վիճակը մեծամասամբ թուրքական շուկա է հիշեցնում. ամեն քայլափոխի քաղցր բամբակ, արդեն հիշատակված կենդանիներ, հուշանվերներ եւ խաղալիքներ են վաճառվում: Եթե վերջինների դեպքում իրավիճակը քիչ թե շատ տանելի է, ապա քաղցր բամբակի (եւ ընդհանրապես սննդի) վաճառքի դեպքում միանգամից մի քանի հարց է ծագում, որոնցից ոչ բոլորն են գտնվում մեր մայրաքաղաքի քաղաքապետարանի իրավասության տակ:

Նախ, հակասանիտարական վիճակն ակնբախ է: Կա քաղցր բամբակի մոտ երկու տասնյակ վաճառող, հիմնականում՝ 16-ից 20 տարեկան երիտասարդներ: Նրանց մի ձեռքում ծխախոտ է, մյուս ձեռքով բամբակ են փաթաթում եւ ձեռքերը սրբում շատ կեղտոտ լաթով: Երկրորդը, տղաները հենց տեղում գազի բալոններ են օգտագործում, ինչը չափազանց անզգույշ եւ պարզապես վտանգավոր է: NEWS.am-ը շաբաթ օրը ուղիղ հեռարձակում էր վարում YervanTarazFest-ից, եւ տարօրինակ էր հետեւել բեմի հետեւում գտնվող տղային, ով քաղցր բամբակ էր պատրաստում եւ հենց նույն տեղում ավելի ուշ փոխում էր գազի բալոնը:

Հյուսիսային պողոտայում կենդանիների վաճառքի մասին ահազանգից հետո քաղաքապետարանն արագ արձագանքեց, ինչի համար շնորհակալություն նրանց: Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում բամբակի վաճառքի հետ կապված, մենք կրկին դիմեցինք Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Առեւտրի եւ գովազդի վարչությանը: Վարչության գլխավոր մասնագետ Ալեքսան Արեւշատյանն իրավիճակը նկարագրեց հետեւյալ կերպ.

«Արդեն երեք օր է, ավելի ճիշտ՝ երեք երեկո, մենք ոստիկանության հետ միասին աշխատանքներ ենք իրականացնում քաղցր բամբակի վաճառողների հետ: Իրավիճակը փակուղային է, քանի որ առավելագույնը, ինչը մեր իրավասությունների մեջ է, խոսել նրանց հետ եւ վարչական ծանուցում ու տուգանք դուրս գրել: Վարչական ծանուցումից հետո տաս օր անց անձը փոստով ծանուցում է ստանում ժողովին ներկայանալու համար:

Անձը չի ներկայանում եւ ժողովը, համապատասխանաբար, հետաձգվում է, նրա տուգանքն աճում է, սակայն նա շարունակում է ազատորեն առեւտրով զբաղվել: Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքապետարանի լիազորություններն ավարտվում են վարչական ծանուցումների մակարդակով: Ավելին մենք անել չենք կարող: Անհրաժեշտ է, որպեսզի այս հարցով կոնկրետ օրենք լինի: Ստացվում է, որ մենք գալիս ենք, բացատրական աշխատանք ենք տանում, իսկ ոմանք ակնհայտորեն մեզ են հրահրում են, ասում են՝ «վերցրեք մեր ապրանքը» կամ՝ «ի՞նչ օրենք, որտե՞ղ է օրենքը»: Եթե մենք վերցնում ենք ապրանքը, նրանք կարող են գնալ ոստիկանություն եւ դիմում գրել այն մասին, որ իրենց ապրանքն ապօրինի կերպով վերցրել են: Ինչ վերաբերում է գազին, ապա նրանք հայտարարում են, որ իրենց տանը նույն բալոններն են եւ իրեն հենց ոչինչ չի պատահում: Սակայն եթե տանը նրանք վտանգում են միայն իրենց ընտանիքի անվտանգությունը, ապա պատկերացրեք, որ այս դեպքում քաղաքի կենտրոնում ձեր քթի տակ ավելի քան 15 ռումբ կա, որոնք կարող են պայթել ցանկացած պահի: Այս դեպքում ԱԻՆ-ը, ի տարբերություն մեզ, հավանաբար ճնշման ինչ-որ օրինական գործիքներ ունի: Ընդհանուր առմամբ, իրավիճակը մեզ համար աղետալի է, նախորդ տարիներին նման անարխիա չկար»,- մեզ հետ զրույցում հայտարարեց պարոն Արեւշատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ