News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 9-ին ընդունել է  Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարևորել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը:

«Ուրախ ենք, որ Ձեր երկրի գործարար շրջանակներից հետաքրքրություն է ցուցաբերվում հայաստանյան շուկայի նկատմամբ: Մեր երկրում ստեղծվում են բիզնես իրականացնելու համար բարենպաստ պայմաններ, կոռուպցիոն բնույթի բոլոր խոչընդոտները վերացված են, և ուրախ կլինենք ակտիվացնել երկկողմ տնտեսական կապերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դեսպան Կասիմին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄԷ նախագահի և վարչապետի շնորհավորանքներն ու ջերմ ողջյունները և ընդգծել, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմամբ: Դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև վերջին շրջանում մի քանի անգամ աճել են առևտրաշրջանառության ծավալները, ուղիղ ավիաչվերթների, ինչպես նաև զբոսաշրջային փոխայցելությունների թիվը և նկատել, որ ինչպես ԱՄԷ գործարար հատվածի, այնպես էլ քաղաքացիների շրջանում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առկա է երկկողմ կապերի ընդլայնման մեծ ներուժ: Այն իրացնելու առումով կողմերը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջիկա նիստը տեղի է ունենալու աշնանը՝ Երևանում: Նիկոլ Փաշինյանը և դեսպան Կասիմին քննարկել են նիստի շրջանակում բիզնես ֆորումի անցկացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել