News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ես եմ ու իմ հինգ երեխաները, միմյանց թիկունք դարձած ապրում ենք ու ապրեցնում միմյանց: Խնդիրներս մեծ են ու անասելի, բայց հանուն երեխաներիս պայքարում եմ: Այս մասին իր կյանքի դժվարությունների մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց 36-ամյա Նարինե Լոբյանը, ով հինգ անչափահաս երեխաների հետ բնակվում է Չարենցավան քաղաքի վարձակալած բնակարանում:

Առջեւում սեպտեմբերի 1-ն է եւ 36-ամյա երիտասարդ, միայնակ մոր խնամքին 5 անչափահաս երեխաներ են՝ բոլորն էլ դպրոցական տարիքի. սոցիալական խնդիրները նրանց  ընտանիքում շատ են:

«Տավուշի մարզի Բերդ համայնքից եմ: Կյանքի բերումով այսօր հայտնվել եմ Չարենցավանում: Ամուսնանալուց հետո ամուսնուս հետ տեղափոխվեցինք Երեւան: Քանի որ նա զինվորական էր, գործի բերումով տեղից տեղ ենք տեղափոխվել, շատ քաղաքներում ենք ապրել, հետո եկանք Չարենցավան, տուն վարձեցինք: Սակայն վեց տարի առաջ, երբ փոքր երեխաս դեռ 3 տարեկան էր, ամուսինս արտագնա աշխատանքի  մեկնեց Ռուսաստան ու այլեւս չվերադարձավ: Հիմա հինգ երեխաներիս խնամքն իմ ուսերին է: Ես բարձրագույն կրթություն ունեմ՝ ԵրՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետն եմ ավարտել, սակայն երբեք իմ մասնագիտությամբ չեմ աշխատել, երեխաներիս եմ խնամել, հիմա աշխատանք չեմ գտնում»,- պատմեց Նարինեն՝ հավելելով, որ ժամանակին աշակերտներ է ունեցել ու տանը պարապել է, բայց հիմա դա էլ չի կարողանում անել,:

«Ինչ գործ պատահում է անում եմ, բարձրագույն կրթություն ունեմ, բայց ստիպված եմ սեզոնային աշխատանքներ կատարել՝ ամռանը մալինա եմ հավաքում, հիմա էլ խանութ եմ մաքրում՝ օրավարձով, որ երեխեքիս մեծացնեմ: Մեկ օրից սեպտեմբերն է, ստիպված խանութից շորեր եմ վերցրել պարտքով՝ ում ինչ անհրաժեշտ է՝ ամենաանհրաժեշտը, մնացածը ընթացքում, որ ստացվի, կգնեմ: Նույնն էլ գրենական պիտույքները, ամբողջը պարտքով եմ վերցրել: Շատ կիսատ բաներ կան, բայց հնարավորություններս այդքան են հերիքում: Երեխաների հայրը  չի օգնում»,- պատմեց Նարինեն:

Չնայած դժվարություններին՝ Նարինեն երեխաներին նաեւ տարբեր խմբակներ է ուղարկում՝ տղաները ֆուտբոլ, սամբո, աղջիկներն էլ երաժշտական դպրոց են գնում՝ դաշնամուրի եւ քանոնի:

Դժվարություններն այս ընտանիքում շատ են, իսկ ամսական եկամուտը անապահովության նպաստն է՝ 55 000 դրամ եւ Նարինեի օրավարձով աշխատանքը:

Նարինեին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 093 49 82 70 հեռախոսահամարով կամ դրամական փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարներին.

ՎՏԲ Բանկի Չարենցավանի մասնաճյուղ

16028021814204 AMD, 

16028021814205 USD, 

16028021814206 EURO,

16028021814207 RUR

Հաշվետեր՝ Նարինե Լոբյան

Տպել
Ամենաշատ