News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված Ավստրիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Իրանի, Լեհաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպաններին, Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակին, Շվեյցարիայի դեսպանության, Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: 

Վարչապետը ողջունել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին Երեւանում եւ նշել, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է նշված պետությունների, Սուրբ Աթոռի եւ ՄԱԿ-ի հետ համագործակցության շարունակական զարգացումը, կապերի խորացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան այցի ընթացքում նրանք հնարավորություն կունենան առավել մանրամասն ծանոթանալ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության քայլերն ուղղված են երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, կառավարման համակարգի բարելավմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն իսկ կարճ ժամանակահատվածում կառավարությունը լուրջ արդյունքների է հասել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարում, գործարար միջավայրի բարելավման ոլորտում եւ հավելել, որ բարեփոխումներ են իրականացվում Հարկային օրենսգրքում, որոնք կխթանեն նոր ներդրումային ծրագրերի իրականացումն ու կնպաստեն բիզնեսի հաջող ու արդյունավետ իրականացմանը:

Այնուհետեւ վարչապետը պատասխանել է դեսպանների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Հայաստան-Վրաստան, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, վերջինիս հետ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացմանն ու դրանով նախատեսված առաջնահերթություններին, տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը եւ այլ թեմաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել