News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկու տասնամյակ առաջ Ստամբուլում մեծ ամբոխի դիմաց մի մարդ դուրս եկավ ու մի քանի տող բանաստեղծություն կարդաց, որից հետո նրան անմիջապես ձերբակալեցին՝ կրոնական ատելություն սերմանելու մեղադրանքով: Այսօր այդ նույն մարդու ղեկավարած կառավարությունը ձերբակալում է բանաստեղծների, գրողների եւ լրագրողների: Այս մասին Newsweek.com-ում գրում է անկախ լրագրող Ջոանա Հոնգը:

Նրա խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարմամբ Թուրքիան դարձել է լրագրողների՝ աշխարհում ամենամեծ բանտը. 2016 թվականի հեղաշրջման անհաջող փորձից հետո մինչ օրս ավելի քան 150 լրագրող է բանտարկվել: Մի քանիսին, որոնց թվում է Ահմեթ Ալթանը, ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացվել:

Հեղինակը նշում է, որ ավելի քան 180 լրատվամիջոցներ են փակվել, շուրջ 2500 լրագրողներ եւ լրատվության ոլորտի այլ աշխատակիցներ կորցրել են աշխատանքը:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի Cumhuriyet թերթում նոր ղեկավար անձնակազմ է նշանակվել. պարբերականի մի քանի լրագրողներ հեռացվել կամ թոշակի են ուղարկվել: Թուրքիայում Եվրախորհրդարանի զեկուցող թղթակից Քեթի Փիրին սա նկարագրել է որպես Թուրքիայում մամուլի ազատության վերջին մնացորդների վերջնական վերացում:

«Ռեյդերից, դատական վարույթներից, թերթի լրագրողներին կալանավորելուց եւ ազատազրկելուց հետո վերջին անկախ թերթը՝ Cumhuriyet-ը, այժմ գրավել են նախագահ Էրդողանի կողմնակից ծայրահեղ ազգայնականները»,- գրում է Փիրին:

«Լրագրողներին ահաբեկչության մեղադրանքներ ներկայացնելը միայն նրա համար, որ նրանք չեն պաշտպանում իշխող ռեժիմին, տոտալիտար պետության կառուցման առաջին քայլն է: Երբ Եգիպտոսում Փեթեր Գրեստեն, Բահեր Մոհամադը եւ Մոհամադ Ֆահմին դատապարտվեցին, մենք հասկացանք, որ մեր լավագույն զենքն ամբողջ աշխարհի մամուլի միասնականությունն է: Թուրքիայում լրագրողներն այժմ իրենց մասնագիտության համար նույն հարձակմանն են ենթարկվում՝ արդեն հայտնի հետեւանքներով»,- ասում է Սյու Թուրթոնը, ով #FreeAJStaff քարոզարշավի հեղինակն էր, ում օգնությամբ Al Jazeera-ի երեք լրագրողներին 2015 թվականին ազատ արձակեցին:

Սակայն, Հոնգի համոզմամբ, չնայած շարունակական բռնությանը՝ Թուրքիայում լրագրողների վիճակի լուսաբանումը խիստ սահմանափակ է, եւ Անկարայի գործընկերների հետ միասնությունը միջազգային հարթակում դանդաղ է կառուցվում:

Հեղինակի կարծիքով՝ հրատապ լուրերով ողողված մամուլում հասկանալի է, թե ինչու Թուրքիայի լրագրողների եւ կառավարության հավանական քննադատների վիճակը բավարար կերպով չի լուսաբանվում: Սակայն Թուրքիայի բռնաճնշումներին բավականաչափ նշանակություն չտալու հետ մեկտեղ՝ Էրդողանին ազատ հարթակ է տրամադրվել կարծիք արտահայտելու համար: Հեղաշրջման փորձի մեկ տարին լրանալիս Էրդողանին հնարավորություն է ընձեռվել The Guardian-ում հոդված գրելու, որում նա պնդում է, որ Թուրքիան պաշտպանում է ժողովրդավարական արժեքները:

Իսկ անցյալ ամիս The New York Times-ի խմբագրական էջերում նրան տեղ է հատկացվել՝ գրելու, թե ինչպես են «չար երկրներն աշխարհում խաբեություն տարածում»: Wall Street Journal-ում էլ անցյալ շաբաթ նրան հնարավորություն է տրվել Սիրիայի մասին իր կարծիքն արտահատող հոդված գրել:

Հոնգի համոզմամբ՝ դժվարին ժամանակներում լրագրողները պետք է միմյանց կողքին կանգնած լինեն եւ սատարեն իրենց ձերբակալված գործընկերներին: Նրանք պետք է հասկանան, որ մեկուսացված չեն աշխատում, պետք է աշխարհին հիշեցնեն, որ խոսքի ազատությունը խիստ կարեւոր է առողջ հասարակություն ունենալու համար:

Տպել
Ամենաշատ