News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Շատ կարեւոր է արձանագրել, որ որեւէ խորհրդարանի գործունեության արդյունավետության եւ լեգիտիմության կարեւորագույն աղբյուրը, իսկապես, ժողովրդի կամքն է եւ խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրությունները, այն մտադրությունները, այն երազանքները, այն ընտրությունները, որ կատարում են ՀՀ քաղաքացիները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20–ին,  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ հիմնադրման 100–ամյակի հոբելյանական միջոցառման ժամանակ իր ելույթում։

«Եւ ես, այս առումով, շատ կարեւոր եմ համարում, որ Հայաստանի խորհրդարանները երբեք չունենան այնպիսի խնդիր, երբեք չունենան այնպիսի հարցադրում իրենց գլխավերեւում, թե որքանով են այդ խորհրդարանները արտահայտում ժողովրդի ընտրությունը եւ ժողովրդի կամքը»,–ասաց նա եւ հավելեց, որ սա կարեւորագույն խնդիր է՝ մեր իրականությունը եւ պետական կառավարման համակարգը սինքրոնացնելու,  նույնականացնելու գործում։

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ ներքաղաքական խնդիրները կլուծվեն ԱԺ նախագահի հնչեցրած մոտեցումների շրջանակում. «Մենք բոլորս, որպես մի հանրություն, որպես մի պետություն, որպես մի ժողովուրդ, որ կարողացանք իրականացնել մարդկության պատմության  համար աննախադեպ եւ բացառիկ քաղաքական հեղափոխություն, ի վիճակի կլինենք նաեւ լուծել այն խնդիրները, որ առկա են ներքաղաքական կյանքի ընթացիկ օրակարգում»։

Նիկոլ Փաշինյանը ելույթը սկսեց Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նախագահներին, ՀՀ ԱԺ նախագահին, Վեհափառ տեր Գարեգին Բ–ին ողջունելով։ 

«Այսօր նշում ենք հայոց խորհրդարանական ավանդույթի 100 ամյակը եւ սա նշանակալի  իրադարձություն է, չնայած մի քանի հազար տարվա պետական ավանդույթ ունեցող ժողովրդի համար 100 տարին այդքան շատ չէ«,–ասաց վարչապետը։

Նա նկատեց, որ այս 100 տարին շրջադարձային  նշանակություն ունի մեր պետական գիտակցության համար. «Որովհետեւ ունենալ խորհրդարան, որպես բարձրագույն օրենսդիր մարմին, նշանակում է, որ այլեւ պետական կառավարման առանցքային շարժիչ ուժը ժողովրդի կամքն է, ժողովրդի ընտրությունը, ժողովրդի կամարտահայտությունը»։

Վարչապետի համոզմամբ, սա է որեւէ պետությունում խորհրդարանի գոյության ամենակարեւոր իմաստը, երբ ժողովուրդը հանդիսանում է իշխանության միակ, անփոխարինելի եւ բացառիկ աղբյուր։

«Եւ այս առումով մենք իսկապես մի կարեւոր եւ նոր ժամանակաշրջան ենք թեւակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վերածվում է նաեւ ժողովրդի իրական, դե ֆակտո իշխանության»,–ասաց  Նիկոլ Փաշինյան։

Վարչապետի խոսքով, հայոց խորհրդարանների դերը 3 հանրապետությունների պատմության ընթացքում հնարավոր չէ գերագնահատել. «Այդ խորհրդարանները ունեցել են իրենց կայուն, բացառիկ դերը, առավել եւս Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մեջ եւ առավել եւս Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում»։

«Ես ուզում եմ բոլորիս, իսկապես, շնորհավորել հայոց խորհրդարանի, խորհրդարանական ավանդույթի 100–րդ տարեդարձի կապակցությամբ եւ ցանկանալ ու համոզվել, որ խորհրդարանական մեր ավանդույթը դեռ շատ ու շատ երկար շարունակություն է ունենալու եւ երկու զրոյի կողքին ունենալու ենք երրորդ զրո եւ այդպես շարունակ»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայոց Խորհրդարանը, պետք է գոյություն ունենան հավիտյան. «Եւ ես համաձայն եմ բոլոր այն շեշտադրումների հետ, որ մենք մեր գործունեությանը պետք է նայենք ոչ թե մեկ օրվա, ոչ թե մեկ ամսվա, ոչ թե մեկ տարվա կամ տասնամյակի կտրվածքով, այլ հարյուրամյակների կտրվածքով, որովհետեւ այն, ինչ անում ենք այսօր, իր արձագանքն է գտնելու նաեւ հարյուր, երկու հարյուր տարի հետո եւ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի քաղաքական այրերի շրջանում, հայ ժողովրդի շրջանում կա բավարար հմտություն կամ իմաստնություն, որ մեր երկիրը, մեր պետությունը, մեր Սահմանադրությունը դնենք անբեկանելի ռելսերի վրա, որ կապահովի մեր ժողովրդի եւ մեր պետության եւ մեր լինելիության հավիտենականությունը»,–շնորհավորանքը եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ