News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կառավարության նոր անդամների նշանակման շուրջ կոնֆլիկտը կապում է ընտրարշավի մեկնարկի հետ (խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի փետրվարին): Նա այս մասին երեքշաբթի հայտնել է ՏԱՍՍ-ին՝ մեկնաբանելով այսօր նախատեսված նոր նախարարների նշանակումը իր դիրքի շրջանցմամբ:

«Նախարարի պաշտոնին ակնհայտ չհամապատասխանող թեկնածուների ներկայացումը նախագահի հաստատմանը Դեմկուսի կողմից նախընտրական սադրանք է: Այն իմ  եւ ինձ աջակցող Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության դեմ է ուղղված»,- հայտարարել է Դոդոնը:

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը, որը թույլ է տվել կառավարության կազմում փոխատեղումներ կատարել նախագահին շրջանցելով, իրեն լիովին վարկաբեկել է՝ վերածվելով քաղաքական գործիքի:

«Փորձել են մեզ սադրել: Եթե մենք սոցիալիստների հետ կոշտ պատասխանեինք եւ ՍԴ որոշման դեմ բողոքի ակցիայի դուրս գայինք, ապա դա կարող էր որպես պատճառ օգտագործվել ընտրություններին կուսակցության մասնակցության արգելքի համար: Այն դեպքում, եթե ես նախարարներին  հաստատեի, ասելու էին, որ նախագահը գործում է դեմոկրատների շահերի շրջանակում»,- պարզաբանել է երկրի ղեկավարը:

Նրա խոսքով՝ դեմոկրատները կոնֆլիկտի միջոցով անուղղակիորեն փորձում են նվազեցնել նաեւ անցյալ շաբաթ Քիշնեւում անցկացված ռուս-մոլդովական տնտեսական համաժողովի արդյունքը, որին մասնակցել էր ռուսական ներկայացուցչական պատվիրակություն: Բանավեճերի ժամանակ ռուսաստանցիները հաստատել էին համագործակցությանն իրենց պատրաստակամությունը, սակայն ուշադրություն էին դարձրել երկրում քաղաքական կայունության անհրաժեշտության վրա: Դրանից բացի, այս շաբաթ Դուշանբեում անցկացվելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի շրջանակում Մոլդովայի նախագահը բանակցություններ է անցկացնելու մյուս պետությունների ղեկավարների հետ: «Այս հանդիպումներից առաջ նախագահին անվանարկելու փորձը նույնպես տեղ է գտել»,- ասել է Դոդոնը:

Նա հայտնել է, որ այսօր նախագահի եւ սոցիալիստների գլխավոր նպատակը խորհրդարանական ընտրություններն են, որի արդյունքներով կուսակցությունը ծրագրում է վերցնել երկրում իշխանությունը: Դոդոնի կարծիքով՝ դեմոկրատների գործողությունները հակադարձ էֆեկտ ունեն: «Այսօրվա հարցումը ցույց է տվել, որ բնակչության 51 տոկոսը իշխանության բոլոր ինստիտուտներից, ինչպես նախկինում, ամենից շատ վստահում է նախագահին: Այն փաստը, որ այս կոնֆլիկտում հանրապետության ղեկավարը կառավարության ճնշմանն ու շանտաժին ընդառաջ չգնաց, անկասկած, նրա եւ նախագահամետ կուսակցության դիրքերը միայն կամրապնդի վճռորոշ խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք տեղի կունենան մի քանի ամիս հետո»,- ասել է Դոդոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ