News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Մենք չպետք է առաջնորդվենք հինը կամ նախկինում որեւէ ներգրավվածություն ունեցած մարդկանց մերժելու մոտեցմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես դա անվանում եմ քաղաքական ռասիզմ: Մենք չպետք է թույլ տանք Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը: Երեւանի ավագանու ընտրությունները համապետական իմաստով շատ կարեւոր նշանակություն ունեցան, որովհետեւ, դրանք, ըստ էության, սկիզբ դրեցին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պրոցեսին: Այս գործընթացներում մենք միանշանակ պետք է նոր իրողություն ստեղծենք, երբ յուրաքանչյուր մարդու ներուժ՝ անկախ տարիքից, նախկինում ունեցած ներգրավվածության տեղից, չափից, ձեւից, բայց իհարկե, կախված բովանդակությունից, պետք է կարողանանք հնարավորինս շատ մարդկանց ներգրավել մեր ընդհանուր գործի կայացմանը: Քավ լիցի, եթե հանկարծ պարզվի, որ այն, ինչ անում ենք, դա մի նեղ շրջանակի ցանկություններն են, դա կլինի մեծ աղետ Հայաստանի համար: Մենք եկել ենք բոլորի երազանքն իրականություն դարձնելու»,-հայտարարեց վարչապետը:

Նրա խոսքով, այո, շատ մեծ քաղաքական բանավեճեր, հակասություններ կան, որոնց պատճառները բոլորիս հայտնի են, բայց մենք չենք առաջնորդվում ամեն հինը ժխտելու, ջնջելու, քանդելու, ավիրելու մղումով:

«Մենք երբեք չենք ասել, որ վերջին 20-25 տարիներին արժեքներ չեն ստեղծվել երկրում: Երբ մենք մեղադրանքներ ենք հնչեցնում եւ կշարունակենք հնչեցնել, պատրաստ լինելով լսել մեղադրանքներ, դա չի նշանակում, թե մենք ժխտում ենք այն արժեքները, որոնք ստեղծվել են այդ թվում իշխանությունների, ընդդիմությունների, քաղաքացիների, քաղաքացիական հասարակությունների կողմից:

Մեր խնդիրն է նոր էջ բացել մեր պատմության մեջ, որտեղ իսկապես տեղի կունենա ազգային միասնություն, համաձայնություն: Դա չի նշանակում, որ բոլորն ամեն ինչի հետ համակարծիք են: Դա նշանակում է, որ բոլորը համաձայն են մի քանի առանցքային կետերի շուրջ, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ, որ չպետք է լինեն արտոնյալներ, չպետք է լինի կոռուպցիա, քաղքացին պետք է լինի հարգված»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ