News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեկ բանտարկյալի ազատ արձակելով եւ Ջամալ Հաշքաջիի անհետացման գործի քննությանն աջակցելով` Թուրքիայի մյուս իրավախախտումները չեն արդարացվում: Այս մասին գրում է Bloomberg Opinion-ի վերլուծաբաններից Էլի Լեյքը:

Նրա կարծիքով` կարծես ճակատագրի հեգնանք լինի, որ Սաուդյան Արաբիայի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման շուրջ ճգնաժամը հնարավորություն է ընձեռել Թուրքիային` սեփական կերպարը մաքրազերծելու համար: Հարցը միայն այն չէ, որ Թուրքիայի դատարանն ուրբաթ օրն ազատ է արձակել ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնին, որը գրեթե երկու տարի կալանքի տակ էր: Թուրքիայի իշխանությունները նաեւ մի շարք փաստեր ու տեսանյութեր են ներկայացրել սաուդցիների մասին, որոնք ենթադրաբար Էր-Ռիադի պատվերով սպանել են Հաշքաջիին: Նրանք նաեւ պնդում են, որ լուսանկարներ եւ տեսանյութեր ունեն, որտեղ երեւում է, որ Հաշքաջիին սպանել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում:

Այժմ Թուրքիայի կարեւորագույն առաջնորդները կարծես Human Rights Watch/ Մարդու իրավունքների պաշտպանության խոսնակները լինեն, ինչպես գրում է հեղինակը: Թուրքիայի նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն իր թվիթերյան էջում գրել է, որ Հաշքաջիի ճակատագիրը ողջ աշխարհի համար խոսքի ազատության մի փորձություն է: Ըստ Լեյքի` նա ինչ-որ առումով ճիշտ է. եթե մեղադրանքները հիմնավոր են, ապա ԱՄՆ-ն պարտավոր է պատժել Սաուդյան Արաբիային, որպեսզի մյուս դաշնակիցները նման հանցանքներ չգործեն: Սակայն խնդիրն այն է, որ Դավութօղլուի ողջունած խոսքի ազատությանը հենց Թուրքիայի կառավարության կողմից է վտանգ սպառնում:

Նշվում է, որ վերջին երկու տարիներին լրագրողների պաշտպանության հանձնաժողովի գնահատմամբ Թուրքիան աշխարհում լրագրողներին ձերբակալող երկրների մեջ առաջինն է: 2016 թվականի հոկտեմբերին ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայի իշխանությունները փակեցին մամուլի 15 կազմակերպություններ: Թուրքիան, խախտելով Ինտերպոլի համակարգը, հատուկ զգուշացում է տվել այն լրագրողների վերաբերյալ, որոնք քննատաբար են արտահայտվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության մասին:

Բացի դրանից, թուրքական մի արշավ կա, որով այլ երկրներում առեւանգվում են Թուրքիայի քաղաքացիները ճիշտ այնպես, ինչպես ենթադրաբար սաուդցիները` Հաշքաջիի դեպքում: Թուրքիայի կառավարությունը դրանով փորձում է ԱՄՆ-ում աքսորված հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ենթադրաբար կազմակերպված անհաջող հեղաշրջման փորձի հանցակիցներին հայտնաբերել:

«Թուրքիայի վատ վարքագծի վրա ուշադրություն դարձնելով` չի մոռացվում Սաուդյան Արաբիայի կառավարության պահվածքը, եւ եթե նրանք 15 գործակալ են ուղարկել Թուրքիա՝ Հաշքաջիին սպանելու կամ առեւանգելու նպատակով, ապա վարչակարգը պետք է դրա համար պատասխան տա»,- գրում է Լեյքը,- «Սակայն Սաուդյան Արաբիային պատժելը չի նշանակում Թուրքիային պարգեւատրել»:

Նա կարծում է, որ Բրանսոնի ազատ արձակվելը լավ նորություն է: Սակայն թուրք-ամերիկյան NASA-ի թուրք-ամերիկացի գիտնական Սերքան Գոլջը շարունակում է նույնատիպ մեղադրանքներով կալանքի տակ պահվել: Եվս երկու թուրքեր, որոնք ԱՄՆ-ում դիվանագիտական ծառայության մեջ էին, 2017 թվականից ի վեր ձերբակալված են: ԱՄՆ պաշտոնյաներից մեկը վերլուծաբանին ասել է, որ թուրքերը պետք է ընտրություն կատարեն, թե ինչ են ցանկանում` Իրանի պես մերժվե՞լ, թե՞ միջազգային հանրության մասը կազմել:

Լեյքի համոզմամբ՝ Թուրքիան ճիշտ է վարվել` Բրանսոնին ազատ արձակելով: Եվ եթե պարզվի, որ սաուդցիները սպանել են Հաշքաջիին, ապա Թուրքիան դրա բացահայտման գործում մեծ դեր խաղացած կլինի: Սակայն այդ ամենը չի արդարացնում Թուրքիայի կողմից միջազգային նորմերի խախտումները: Հակառակորդի կողմից առեւանգման փորձի բացահայտումը դեռ չի արդարացնում սեփական նույնանման հանցանքները:

Տպել
Ամենաշատ