News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովում քիչ առաջ Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան:

Այս առնչությամբ նա գրառում է արել Facebook-ի իր էջում՝ նշելով.

«Քիչ առաջ Ազգային ժողովի կողմից ընտրվեցի ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ 29 կողմ, 0 դեմ ձայներով: Ինձ համար պատիվ է այս պատասխանատու գործառույթը ստանձնել, որը կատարելու եմ ամենայն պատասխանատվությամբ: Ստորեւ մեջբերում եմ ելույթիցս մեկ հատված, որը լավագույնս բնութագրում է իմ ցանկություններն ու մտադրությունները.

«Ի՞նչ սկզբունքներով եմ առաջնորդվելու գործունեությանս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում...

• Վստահություն հավասարապես հասարակության եւ իշխանությունների կողմից. իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող արդյունավետորեն կատարել իր լիազորությունները, եթե բարձր վստահություն չվայելի հավասարապես քաղաքացիների եւ իշխանությունների մոտ: Մարդու իրավունքների պաշտպանը նման է կամուրջի, որի հենարանները պետք է հավասարապես ամուր լինեն գետի երկու ափերում էլ, այլապես այն մի օր կփլուզվի հեղեղումներից կամ ծանրությունից:

• Անաչառություն եւ անկողմնակալություն. ես պարտավորված եմ առավելագույնս անաչառ եւ անկողմնակալ լինել իմ գործունեության ընթացքում, որպեսզի կարողանամ արդյունավետորեն ծառայել մարդկանց իրավունքների պաշտպանությանը եւ մեր պետության հիմքերի ամրապնդմանը: Այստեղ կուզեի շնորհակալություն հայտնել «Հայրենիք» խմբակցությանը՝ ինձ վստահելու եւ իմ թեկնածությունն այս պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: Այնուամենայնիվ, ես պետք է շեշտադրեմ, որ այդ վստահությունը ինձ որեւէ կերպ չի կաշկանդում անկողմնակալ կերպով գործունեությունս ծավալելու, եւ իմ արհեստավարժ ու արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, «Հայրենիք» խմբակցության համար նույնպես լավագույն գնահատականը կլինի: Տեղեկացնեմ, որ «Հայրենիք» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները ցանկություն են հայտնել հանդիպել ինձ հետ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, եւ նրանց հետ ունեցել եմ արդյունավետ ու կառուցողական հանդիպումներ: Նշեմ նաեւ, որ այս կամ այն խմբակցության եւ պատգամավորի դրական կամ բացասական դիրքորոշումն իմ թեկնածության հանդեպ կրկին որեւէ կերպ չի ազդելու իմ անաչառ ու բարեխիղճ աշխատանքի վրա, եւ ես լինելու եմ բոլորի ու յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանը:

• Արդարամտություն եւ սրտացավություն. ամեն ինչից առավել ես մարդ եմ եւ պարտավոր եմ մարդկայնորեն ծառայել մարդկանց: Այդ մարդկայնության մեջ մտնում է եւ՛ սրտացավությունը, եւ՛ արդարամտությունը, որոնք բխում են իմ ոսկե սկզբունքից՝ «Մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես կուզեի ինձ հետ վերաբերվեին»:

• Մատչելիություն եւ հասանելիություն. հնարավորինս կանեմ, որպեսզի շարունակաբար բարձրացնենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մատչելիությունն ու հասանելիությունը հասարակության բոլոր խմբերի եւ յուրաքանչյուր անձի համար:

• Թափանցիկություն եւ հաշվետվողականություն. Պաշտպանի գործունեությունը պետք է խարսխված լինի հատկապես հասարակության եւ Ազգային ժողովի առջեւ թափանցիկ եւ հաշվետվողական աշխատանքի վրա: Դա նման է մաքուր հայելուն. ի՞նչ կմտածի այն մարդը, որը կեղտոտ հայելու մեջ կտեսնի իր պատկերի աղավաղված արտացոլանքը:

• Նախաձեռնողականություն. առանց նախաձեռնողականության հնարավոր չէ շոշափելի արդյունքներ արձանագրել, եւ այդ նախաձեռնողականությունը դրսեւորելու եմ իրավունքների խախտումների եւ՛ վերացման, եւ՛ կանխարգելման, ինչպես նաեւ տարբեր ծրագրերի կյանքի կոչման գործում:

• Հետեւողականություն. իմ լիազորությունների շրջանակներում ես հնարավորինս հետեւողական եմ լինելու յուրաքանչյուր իրավունքի խախտում վերացնելու եւ յուրաքանչյուր ծրագիր իրագործելու հարցում: Ինչի՞ կնմանվի այն տունը, որի տանիքը կդրվի կիսատ շարած պատերի վրա:

• Միջազգային լավագույն փորձի կիրառում. քանի որ Արցախը քաղաքակիրթ աշխարհի անբաժանելի մասն է, եւ բազմաթիվ երկրներում կուտակված է հսկայական արժեքավոր փորձ, ես պատրաստվում եմ պարբերաբար ուսումնասիրել եւ տեղայնացնել այդ փորձը տարբեր հիմնախնդիրներ լուծելու համար: Վերափոխելով ժողովրդական մի ասույթ՝ նշեմ. «Ջրհորի գորտը ծովի մասին պատկերացում չի կարող ունենալ, եթե դուրս չգա ջրհորից»:

• Համագործակցայնություն. իմ ելույթում նշված ոչ մի նպատակ հնարավոր չէ կյանքի կոչել առանց ամենօրյա ու արդյունավետ համագործակցության՝ քաղաքացիների, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, արտաքին գործընկերների եւ բազմաթիվ այլ սուբյեկտների հետ: Սակայն կուզեի առանձնացնել Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային համագործակցին, այն է՝ Ազգային ժողովը եւ յուրաքանչյուր պատգամավոր:

Հարգելի՛ պատգամավորներ, կարծում եմ, որ ընտրելով Մարդու իրավունքների պաշտպան՝ դուք միեւնույն ժամանակ յուրովի պարտավորություն եք ստանձնում շարունակաբար աջակցել ձեր վստահության քվեն ստացած անձի արդյունավետ աշխատանքին, իսկ ես, այդ բարձր քվեն ստանալու դեպքում, պարտավորվում եմ առավելագույնս համագործակցել Ազգային ժողովի, բոլոր խմբակցությունների ու յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարեւորագույն առաքելությունն իրագործելու ընթացքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ