News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտն արդեն իրականություն է։ Մտահղացման հեղինակներն Իսաջանյան եղբայրներն են. 5 տարի առաջ միասին ուսումնասիրել են միջազգային փորձը, նախագծել ու սկսել աշխատանքները։

Եղբայրներից Վահան Իսաջանյանը Isatech ընկերության գլխավոր ինժեներն է։ Ընկերությունը զբաղվում է բարդ մեխանիզմներով, դրանց ավտոմատացմամբ եւ ռոբոտատեխնիկայով։ Երբ 5 տարի առաջ եղբայրները որոշել են ստեղծել հեռակառավարվող այս սարքը, որոշակի քննարկումներ Պաշտպանության նախարարության հետ եղել են։ Վահան Իսաջանյանն ասում է՝ Զինված ուժերը ցանկություն են հայտնել ունենալու նմանատիպ տեխնիկա։ 5 տարվա աշխատանքից հետո սարքն օրեր առաջ փորձարկվել է։ Հեղինակի խոսքով՝ 2-3 ամիս անց, երբ ռոբոտը վերջնական տեսքի բերվի, կապ կհաստատեն Զինված ուժերի հետ։

«Երբ ապրիլյան պատերազմից հետո Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ պետք է զարգացնել տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների արտադրանքը՝ կապված ռազմական արդյունաբերության հետ, շատ ընկերություններ սկսեցին արտադրել անօդաչու թռչող սարքեր։ Մենք որոշեցինք ընտրել այլ ուղղություն, որը շատ մեծ հեռանկար ունի։ Անօդաչու թռչող սարքերը հիմնականում հետախուզական նպատակով են օգտագործվում, թեկուզ եւ զենք լինի դրանց վրա, իսկ մարտական լուրջ գործողությունների ժամանակ հետեւակն է կարեւոր։ Այդ իսկ պատճառով մեր նպատակն է, որ ամենավտանգավոր հատվածներում ամենածանր գործողություններում մարդուն փոխարինի այս սարքը»,– ասում է Վահան Իսաջանյանը։

Առաջին ռազմական ռոբոտն աշխատելու է գնդացիրով, մոդելն արդեն ընտրված է, բայց ընկերությունը հասկանալի պատճառներով այն գաղտնի է պահում։ Սարքին հնարավոր է նաեւ նռնականետ ամրացնել։ Մեքենայի երկարությունը 1մ 20 սմ է, քաշը՝ 370 կգ: Այն կարող է զարգացնել մինչև 40 կմ/ժ արագություն։ Վահան Իսաջանյանը շեշտում է՝ այնպիսի չափեր են ընտրել, որ մեքենան կարողանա նաեւ հեշտությամբ շենք մտնել. «Ամբողջությամբ զրահապատ է մեքենան, այն հնարավորություն է ունենալու առաջանալ մոտ 5-10 կմ, գործողություններ կատարել եւ վերադառնալ։ Կապը կարելի է հզորացնել, ցանկալի է միայն, որ ղեկավարող օպերատորից հեռու լինի մոտ 1-2 կմ։ Ղեկավարման վահանակը հենց ղեկավարող անձի վրա է, վերջինս կարող է կքանստել, դիրքավորվել որեւէ խրամատում։ Գործողություններ կատարելուց հետո տեխնիկան վերադառնում է օպերատորի մոտ, մարտկոցն ու փամփշտակալը փոխվում են 25-30 վայրկյանում, եւ տեխնիկան կարող է ետ դառնալ մարտական գործողության»։

Իսաջանյան եղբայրները լիահույս են, որ իրենց առաջարկը Պաշտպանության նախարարությանը կհետաքրքրի եւ շուտով արդեն պատվերներ կստանան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ