Եվրոպական միությունը մերժել է բրեքսիտի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյիի առանցքային առաջարկը, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով The Sunday Times-ին:
Կառավարության աղբյուրներին վկայակոչելով, հրատարակությունը հաղորդում է, որ իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ բրեքսիտին դեմ արտահայտվող չորս բրիտանացի նախարարները «հրաժարականի եզրին են»:
Ըստ աղբյուրների՝ տիկին Մեյը հույս ուներ միավորել նախարարներին եւ հաղթահարել ԵՄ-ի հետ բանակցություններում «վերջնական արգելքը», սակայն մաքսային համաձայնագրի հետ կապված խնդիրները վերացնելու համար «անկախ մեխանիզմ» ստեղծելու առաջարկը Բրյուսելը մերժել էր: ԵՄ-ում հայտարարել էին, որ որոշումների կատարմանը հնարավոր է հետեւել միայն Եվրոպական դատարանի շրջանակներում:
Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Ջո Ջոնսոնը հրաժարական տվեց: «Բրեքսետի իրականությունը մեզ խոստացվածից այնքան է հեռացել, եւ ամենից ժողովրդավարական որոշումը կլինի ժողովրդին վերջին խոսքն ասելու հնարավորություն տալը», - նախկին նախարարը մեկնաբանել է իր որոշումը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի 50-ից ավելի գործող եւ նախկին ընկերությունների ղեկավարները կոչ են արել համաժողովրդական քվեարկություն անցկացնել Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի արդյունքների վերաբերյալ:
Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների մասին բանակցությունները սկսվել են 2017 թվականի հունիսին Բրյուսելում: Բրեքսիտը պետք է տեղի ունենա 2019 թվականի մարտի 29-ին: